Բոսնիա և Հերցեգովինայի ապագայի հարցում ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տարաձայնություններն ավելի են խորացել միջազգային վարչակազմի ղեկավարի նշանակման շուրջ ծագած վեճից հետո։ Սա հանգեցրել է նրան, որ Վաշինգտոնը սպառնացել է վերանայել միջազգային խաղաղապահ առաքելության մեջ իր իր մասնակցությունը։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Սարաևոյում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Վաշինգտոնի դերի հնարավոր վերանայման մասին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եվրոպական երկրները հրաժարվել են սատարել Բոսնիա և Հերցեգովինայում միջազգային համայնքի Բարձր ներկայացուցչի պաշտոնում առաջադրված ամերիկյան թեկնածուին։
1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրերի իրագործումը համակարգող Խաղաղության համաձայնագրի կատարման խորհրդի (PIC) նիստում ԱՄՆ-ն պաշտպանել է իտալացի դիվանագետ Անտոնիո Զանարդի Լանդիի թեկնածությունը։ Միևնույն ժամանակ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԵՄ երկրների մեծ մասը հանդես են եկել Արևմտյան Բալկաններում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռենե Տրոկազի օգտին։
X սոցիալական ցանցում ամերիկյան դեսպանատան տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը «ցավով է արձանագրում Եվրոպայի՝ կոնսենսուսի հասնելու անկարողությունը» և կարծում է, որ խորհրդի ներսում առկա տարաձայնությունները խոչընդոտում են դրա առջև դրված խնդիրների կատարմանը։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ ԱՄՆ-ն ստիպված է «վերանայել Բոսնիա և Հերցեգովինայում միջազգային ներկայության շուրջ իր մասնակցությունը»։
Թեև ԱՄՆ-ն այլևս զգալի ռազմական ներկայություն չունի երկրում, այն շարունակում է քաղաքական ազդեցություն օգտագործել PIC-ի (Խաղաղության համաձայնագրի կատարման խորհրդի) և երկկողմ խողովակների միջոցով։
Նշանակման շուրջ այս վեճը ծագել է Բարձր ներկայացուցիչների դերի վերաբերյալ Վաշինգտոնի և եվրոպական դաշնակիցների միջև առկա ավելի լայն տարաձայնությունների ֆոնին։ Հենց այս պաշտոնյան է օժտված Դեյթոնյան համաձայնագրերի կատարումն ապահովելու այն լիազորություններով, որոնցով վերջ է դրվել շուրջ 100 հազար մարդու կյանք խլած պատերազմին։
Որոշ եվրոպացի դիվանագետներ կարծում են, որ ԱՄՆ-ի դերի նվազումը կարող է նույնիսկ նպաստել ավելի մեծ կայունությանը՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դրդապատճառների նկատմամբ եղած կասկածները։ Ավելի վաղ Վաշինգտոնը չեղարկել էր բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկի նկատմամբ պատժամիջոցները։ Նրան Եվրոպայում համարում են ռուսամետ քաղաքական գործիչ։ Վաշինգտոնը նաև ճնշում էր գործադրել պաշտոնից հեռացող Բարձր ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի վրա։
Հաղորդվում է նաև, որ վերջին տարիներին ակտիվացել են Թրամփի շրջապատի հետ բիզնես շփումները։ Մասնավորապես՝ Դոնալդ Թրամփ կրտսերը ապրիլին Դոդիկի ընտանիքի հրավերով այցելել էր Բանյա Լուկա։
Քաղաքական վերլուծաբան Ջասմին Մույաանովիչը նշել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, գերագնահատել է իր դիրքորոշման նկատմամբ եվրոպացի գործընկերների աջակցությունն ու բավարար խորհրդակցություններ չի անցկացրել Լանդիի թեկնածությունն առաջադրելուց առաջ։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը դաշնակիցների հետ բավականաչափ համաձայնեցված չի եղել, ինչն էլ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Վաշինգտոնն այդքան համառորեն պաշտպանում հենց այս թեկնածուին։
Փորձագետները նաև արձանագրում են, որ քննարկումների ընթացքում ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվորեն էր առաջ մղում Լանդիի թեկնածությունը, քան նույնիսկ նրա հայրենի երկիրը՝ Իտալիան։
Իսկ վերլուծաբան Քուրտ Բասուեներն այն կարծիքին է, որ խնդիրը միայն կադրային նշանակումը չէ, այլ Բալկաններում ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարական գիծը, որը կարող է ներառել տնտեսական շահեր և տարածաշրջանային նախագծերի ու պայմանագրերի համար մղվող պայքար։