Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնում հունիսի 6-ի երեկոյան ուղևորատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով, վեց մարդ է տուժել, հայտնում է AFP գործակալությունը։
Ոստիկանության տվյալներով՝ արտակարգ ծառայություններն ահազանգ են ստացել տեղական ժամանակով մոտավորապես 19:20-ին, երբ Վելինգտոնի արվարձաններից մեկում գտնվող «Քհանդալա» կայարանում գնացքը դուրս է եկել ռելսերից։
Բոլոր ուղևորները հաջողությամբ տարհանվել են։ Ինչպես հայտնել են «Wellington Free Ambulance» շտապօգնության ծառայության ներկայացուցիչները, տուժածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (թեթևից մինչև ծանր)։
Ականատեսները պատմել են, որ վթարից առաջ ուժեղ դղրդյուն է լսվել։ Վելինգտոնի քաղաքային խորհրդի անդամ Դայան Քելվերտը հայտարարել է, որ լսել է «պայթյուն հիշեցնող հսկայական, բայց կարճատև ձայն»։
Դեպքի վայրում աշխատել են շտապօգնության բազմաթիվ բրիգադներ, հրշեջներ և ոստիկաններ։
Կայարանի հարակից տարածքը շրջափակվել է։ Վթարի վայրում գտնվող լրագրողների խոսքով՝ վագոններից մեկը լրջորեն վնասվել և դեֆորմացվել է՝ ռելսերից դուրս գալու հետևանքով։
Պատահարի պատճառները դեռևս պարզվում են։ Հետաքննությունը շարունակվում է։