Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող էր այլ միջոց գտնել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ փոխանցելու համար, կարծում է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Նա հավելել է, որ փաստաթուղթը սահմանված ծառայողական կարգով հասցվել է Պուտինի ուշադրությանը։
«Եթե ուզում ես նամակ փոխանցել՝ փոխանցիր։ Եթե օգտագործում ես մեգաֆոն՝ դա նամակ մի կոչիր»,- ասել է Պեսկովը «Вести» լրատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Ուկրաինայի նախագահը իր կայքում հրապարակել էր բաց նամակ՝ ուղղված ՌԴ նախագահին։
Իր նամակում Զելենսկին առաջարկել էր հանդիպել՝ միաժամանակ Պուտինի հասցեին մի շարք մեղադրանքներ ներկայացնելով։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ առայժմ անձնական հանդիպման իմաստ չի տեսնում։
Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Զելենսկու նամակը «մի քանի էջ կոպտություն» էր պարունակում։