Դեռ գործ ունենք անելու – Հրապարակ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ անցկացված ընտրությունները ուղեկցվել են լայնածավալ խախտումներով, որոնք, նրա գնահատմամբ, զգալի ազդեցություն են ունեցել վերջնական արդյունքների վրա։

Նրա խոսքով՝ արձանագրված տվյալները չեն արտացոլում հասարակության իրական կամարտահայտությունը։ Մելոյանը ընդգծել է, որ ներկայում դաշինքը զբաղված է բոլոր հնարավոր խախտումների փաստագրմամբ և դրանց համակարգմամբ։

Մասնավորապես, նա նշել է դեպքեր, երբ քաղաքացիներին չի թույլատրվել իրականացնել իրենց ընտրական իրավունքը, ինչպես նաև իրավիճակներ, երբ տեխնիկական սարքավորումները չեն գործել կամ առաջացել են տվյալների անհամապատասխանություններ՝ օրինակ՝ մատնահետքի նույնականացման, կտրոնների համարների կամ ընտրողների ցուցակների միջև։

Մելոյանը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ականատես են եղել նման խնդիրների կամ ունեն համապատասխան փաստեր, դրանք փոխանցել դաշինքին՝ գործընթացը ամբողջական ուսումնասիրելու համար։

Նա նաև հայտնել է, որ ստացված տեղեկությունները ներկայումս մուտքագրվում և վերլուծվում են, որպեսզի դրանց հիման վրա հնարավոր լինի իրավական ընթացք սկսել։ Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են, և դաշինքը պատրաստ է հետագա քայլերին։

««Հիմա զբաղված ենք այդ ողջ տեղեկատվությունը մուտքագրելով, որպեսզի դրանց իրավական ընթացք տանք։ Ժողովուրդ ջան, ուժեղ ենք, և դեռ գործ ունենք անելու»,– նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *