ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար։ Նա պաշտոնը կստանձնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ փոխարինելով Գեորգի Ախալկացիին, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսի 1-ից։

Ինչպես հայտնում է ՎԶԵԲ-ը, Զաքարիան կաշխատի Երևանում և պատասխանատու կլինի Հայաստանում բանկի ներդրումների և գործառնությունների համար։ Նա կենթարկվի Կովկասում ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Կայրիսին։

«Ուրախ եմ ստանձնել այս նոր դերը և աշխատել Հայաստանում ՎԶԵԲ-ի ուժեղ թիմի հետ։ Մենք կշարունակենք աջակցել մասնավոր հատվածի աճին ու մրցունակությանը, խորացնել կապիտալի շուկաները և արագացնել «կանաչ» անցումը։ Հայաստանը զգալի ներուժ ունի առանցքային ոլորտներում, և ես ակնկալում եմ սերտ համագործակցություն մեր գործընկերների հետ՝ ներդրումային նոր հնարավորություններ բացահայտելու և շոշափելի արդյունքների հասնելու համար», – հայտարարել է Զաքարիան։

Զաքարիան միացել է ՎԶԵԲ-ին 2012 թվականին Ստամբուլում՝ էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության հարցերով բանկային թիմի կազմում։ Մինչ այդ նա աշխատել է միջազգային խորհրդատվության ոլորտում՝ զբաղվելով նախագծերի ֆինանսավորմամբ, due diligence-ի իրականացմամբ և վերականգնվող էներգետիկայի ու էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների նախապատրաստմամբ։

ՎԶԵԲ-ում աշխատելու ընթացքում նա մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ստամբուլում և Լոնդոնում՝ համակարգելով ծրագրեր Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Հարավային և Արևելյան Միջերկրածովյան երկրներում։ Նա մասնակցել է ավելի քան 600 միլիոն եվրոյի կանաչ ներդրումների իրականացմանը։

Ավելի ուշ Զաքարիան գլխավորել է «կանաչ» շենքերի մասնագիտացված ստորաբաժանումը՝ նպաստելով մասնավոր հատվածի էկոլոգիական անշարժ գույքում ներդրումների ընդլայնմանը և աջակցելով տարբեր երկրներում պետական ​​շենքերի արդիականացման ծրագրերին։

2021 թվականից նա ղեկավարում էր ՎԶԵԲ-ի գործունեությունը Չեռնոգորիայում։ Այդ ժամանակահատվածում իրականացվել է երկրում բանկի ողջ ծրագրերի և ներդրումների ավելի քան 40%-ը՝ 2006 թվականին այնտեղ աշխատանքի մեկնարկից ի վեր։ Առաջընթաց է գրանցվել նաև բարեփոխումների իրականացման գործում, որոնք ուղղված են մասնավոր հատվածի զարգացմանը և կանաչ տնտեսության խթանմանը։

ՎԶԵԲ-ում նշել են, որ Զաքարիան զգալի փորձ ունի ենթակառուցվածքների, էներգետիկայի և մասնավոր հատվածի ֆինանսավորման ոլորտներում՝ համատեղելով երկրի կառավարման հմտությունները ծրագրային ֆինանսավորման և պետական ​​կառույցների հետ փոխգործակցության փորձագիտության հետ։

ՎԶԵԲ-ը Հայաստանում աշխատում է 1992 թվականից։ Այս ընթացքում բանկը երկրում 245 ծրագրերի շրջանակում ներդրել է 3 միլիարդ եվրո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *