Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին. «Ազատություն»

Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեից ասացին, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքումյանը: Նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում Եվրամիության թանկարժեք ծրագրի ավարտից երկու տարի անց՝ այս տարվա ապրիլին, իրավապահները մի խումբ պաշտոնյաների կողմից համայնքներին հասցված խոշոր վնաս էին արձանագրել ու քրեական վարույթ հարուցել։ Գործը միանգամից 7 հոդվածով է՝ գույքի հափշտակումից մինչև փողերի լվացում ու փաստաթղթերի կեղծում։

Դեռ անցած տարի «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը գումարի հետգանձման պահանջ է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանին պայմանագրի խախտումների և չհիմնավորված ծախսերի պատճառով։ Այդ ժամանակ խոսքը 4 միլիոն եվրո դրամաշնորհի շուրջ 7,5 տոկոսի մասին էր:

«Ազատության» տեղեկություններով՝ երկու քաղաքներին հասցված վնասի չափը գնահատվում է շուրջ 2.5 միլիոն եվրո, այսինքն՝ ծրագրի ողջ գումարի կեսից ավելին:

«Ազատության» տեղեկություններով՝ այսօր այս գործով հարցաքննության է կանչվել նաև քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության, բարեկարգման և բնապահպանության բաժնի պետ Բենիկ Նազարյանի մայրը՝ Թամարա Հակոբյանը, որը նաև գործող քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի զոքանչն է: Հարցաքննվել է նաև Վանաձորի քաղաքապետարանի գնումների բաժնի պետ Դավիթ Հակոբյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *