Ռեյնը ծանծաղել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի. բեռնատար նավագնացությունը Գերմանիայում գրեթե կանգ է առել

Գերմանիայում Ռեյն գետում ջրի մակարդակը շարունակվող շոգի պայմաններում իջել է, հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշների, ինչի հետևանքով գետի առանձին հատվածներում բեռնատար նավագնացությունը գրեթե կանգ է առել, հայտնում է Reuters գործակալությունը։

Գերմանիայի ներքին նավագնացության WSV գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի Կաուբի շրջանում՝ Կոբլենցի մոտակայքում, նավարկելի ջրանցքի խորությունը կազմել է ընդամենը 15 սանտիմետր, ինչը ցածր է նախորդ ռեկորդից, որը գրանցվել էր 2018 թվականին, երբ ցուցանիշը նվազել էր մինչև 25 սանտիմետր։ Ընդ որում, հենց գետի խորությունը մոտ մեկ մետրով գերազանցում է նավարկելի ջրանցքի խորությանը։

«Կաուբով առևտրային փոխադրումները գործնականում կանգ են առել, այսօր արդեն անհնար է ամրագրել բեռնափոխադրումներ Ռեյնով՝ Կաուբից այն կողմ», — հայտնել է թրեյդերներից մեկը։ Նա նշել է, որ Կաուբից հարավ գտնվող որոշ նավեր կարող են արգելափակված մնալ։

Ծանծաղ ջրի պատճառով բեռնատար նավերը կարող են բեռնվել միայն իրենց ամբողջ տարողության մոտ 20%-ով, ինչը զգալիորեն բարձրացնում է փոխադրումների արժեքը։ Նախկին ծավալները տեղափոխելու համար բեռները հարկավոր է բաշխել մի քանի մասնակի բեռնված նավերի միջև։

Ռեյնի հյուսիսային հատվածներում նավագնացությունն առայժմ շարունակվում է։

Ջրի ցածր մակարդակն արդեն ստիպել է փոխադրողներին բեռների զգալի ծավալներ տեղափոխել ավտոմոբիլային տրանսպորտ։ Գերմանական իշխանությունները մեղմացրել են հանգստյան օրերին բեռնատարների երթևեկության սահմանափակումները։

Վերլուծաբանները զգուշացնում են, որ Ռեյնի ռեկորդային ծանծաղումը կարող է բացասաբար անդրադառնալ Գերմանիայի տնտեսական աճի վրա այն ժամանակահատվածում, երբ տնտեսությունը նոր էր սկսել վերականգնման առաջին նշանները ցույց տալ։

Ռեյնը Եվրոպայի կարևորագույն տրանսպորտային զարկերակներից մեկն է։ Դրանով տեղափոխվում են, մասնավորապես, հացահատիկ, հանքային հումք, ածուխ և նավթամթերք։ Այս ամռան երկարատև շոգն ու տեղումների պակասը հանգեցրել են ջրի մակարդակի կտրուկ նվազման ոչ միայն Ռեյնում, այլև եվրոպական այլ ներքին ջրային ուղիներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *