Ադրբեջանն ու Իրանը համաձայնեցրել և հաստատել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման ռեժիմները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Որոշումն ընդունվել է Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման գծով Ադրբեջանի և Իրանի մշտական համատեղ հանձնաժողովի 55-րդ նիստում, որն անցկացվել է Իրանում՝ հունիսի 8-ից 11-ը։
Բանակցություններում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի համանախագահ, Ջրային ռեսուրսների պետական գործակալությանն առընթեր տարածաշրջանային ջրային մելիորացիայի ծառայության վարչության նախագահ Զաքիր Գուլիևը։ Իրանական կողմը ներկայացրել է հանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարարության անդրսահմանային գետերի և համատեղ ջրային ռեսուրսների խմբի ղեկավար Ֆարիբա Ավարիդեհը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գետից ջրառի մոնիթորինգի, ջրի որակի վերահսկման, Արաքսի վրա ջրային ռեսուրսների հաշվառման ժամանակակից սարքավորումների տեղադրման հարցերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։
Բանակցությունների արդյունքում ստորագրվել է ամփոփիչ արձանագրություն, որով սահմանվում է կողմերի միջև իրականացվելիք համատեղ աշխատանքների և միջոցառումների ցանկը։