Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դեռևս վերջնական որոշման չի եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, հաղորդում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացին ակտիվորեն մասնակցում են միջնորդները՝ Կատարն ու Պակիստանը։ Միաժամանակ, Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի գործողություններն ազդեցություն են ունենում դիվանագիտական գործընթացի վրա և բարդացնում դրա ընթացքը։
Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակն ի սկզբանե Թեհրանի համար բավականին հստակ է եղել, և հնարավոր համաձայնագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված էր։ Սակայն, նրա պնդմամբ, ամերիկյան կողմը խորհրդակցությունների ընթացքում բազմիցս փոխել է իր դիրքորոշումները։
Բաղային ընդգծել է նաև, որ Իրանը մտադիր չէ զիջումների գնալ այն հարցերում, որոնք համարում է իր սկզբունքային «կարմիր գծերը»։
Մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև իբր ձեռք բերված պայմանավորվածության մասին բազմաթիվ լուրերը՝ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ նմանատիպ հրապարակումները ենթադրությունների և շահարկումների բնույթ են կրում։
«Մինչև օրս Իրանը համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշման չի եկել»,- ընդգծել է դիվանագետը։
Բացի դրանից, Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում իրավիճակը դարձել է նվազ անվտանգ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունների պատճառով։