Նիգերիացի միգրանտը Իտալիայում 500 000 եվրո շահելուց հետո ստացել է կեցության թույլտվություն

Նիգերիացի 36-ամյա միգրանտ Իմագբե Էհիզոմվենգին, որը նախկինում իտալական ակնթարթային Gratta e Vinci վիճակախաղում շահել էր €500 000, սակայն փաստաթղթերի բացակայության պատճառով չէր կարողանում ստանալ շահումը, հայտնել է, որ վերջապես ստացել է Իտալիայում կեցության թույլտվություն, գրում է The Guardian-ը։

«Ես աղոթում էի այս պահի համար այն ժամանակվանից, երբ եկել եմ Իտալիա», — ասել է նա։ «Սա հսկայական թեթևացում է։ Կարող եք մտածել, որ սա անհավատալի է, բայց կեցության թույլտվություն ստանալը ինձ համար ավելի կարևոր է, քան փող շահելը։ Ես ուզում եմ աշխատել և օգտակար լինել հասարակությանը»։

Էհիզոմվենգին անցյալ տարվա հոկտեմբերին 5 եվրոյով գնել էր շահող տոմսը այն գումարով, որը հավաքել էր գլխաշորեր վաճառելով և Թուրինում սուպերմարկետի մոտ մուրալով։

Շահելու մասին իմանալուց հետո նա մեծ ցնցում և ուրախություն է ապրել, սակայն շուտով բախվել է բյուրոկրատական խնդիրների։

Նա պատմել է, որ Իտալիա է ժամանել 2016 թվականին՝ Լիբիայից Միջերկրական ծովը վտանգավոր կերպով հատելուց հետո, որտեղ, իր խոսքով, երկու տարի գերության մեջ է եղել և ազատ է արձակվել միայն փրկագին վճարելուց հետո։

Այսպես կոչված «հատուկ պաշտպանության» վերաբերյալ նրա դիմումը՝ կեցության թույլտվության տեսակ ապաստան հայցողների համար, որոնք չեն համապատասխանում փախստականի կարգավիճակին, սակայն հայրենիք վերադառնալու դեպքում բախվում են սպառնալիքների, մերժվել էր։

Առանց փաստաթղթերի նա չէր կարող բանկային հաշիվ բացել՝ շահումը ստանալու համար, իսկ առանց ֆինանսական անկախության չէր կարող հաստատել կեցության թույլտվության համար կրկին դիմելու պայմանները։ Արդյունքում նա հայտնվել էր փակ իրավական շրջանի մեջ։

Ավելի ուշ, ծանոթների միջոցով գումարը փոխանցելու հետ կապված մի շարք բարդություններից հետո, շահումի մի մասը փոխանցվել է նրա ազգականի հաշվին, իսկ միջոցներն օգտագործվել են Մարկե շրջանում գտնվող Ֆալկոնարա քաղաքում Mama Africa աֆրիկյան մթերքների խանութ բացելու համար։

Էհիզոմվենգիի փաստաբան Անդրեա Պալացցեսկին հասել է գործի վերանայմանը Անկոնայի դատարանում։ Այս շաբաթ դատարանը որոշել է նրան տրամադրել կեցության թույլտվություն՝ հաշվի առնելով իտալերենի իմացությունը, խանութում աշխատանքը և ֆինանսական ինքնուրույնությունը։

Միաժամանակ փաստաբանը ընդգծել է, որ որոշումն ուղղակիորեն կապված չի եղել վիճակախաղում շահելու հետ։

«Բայց կարևոր է ընդգծել, որ Իմագբեն կեցության թույլտվություն է ստացել ոչ թե այն պատճառով, որ գումար է շահել, այլ որովհետև ապացուցել է, որ համապատասխան թեկնածու է», – նշել է նա։

Gratta e Vinci վիճակախաղը շարունակում է չափազանց մեծ ժողովրդականություն վայելել Իտալիայում։ 2019 թվականին Ապուլիայից մի գործազուրկ ձկնորս աղբամանում գտել էր 100 000 եվրո շահող տոմս և կարողացել էր այն կանխիկացնել, իսկ 2022 թվականին Իտալիայի հյուսիսում մի երիտասարդ շահել էր €500 000 և շոկից կորցրել գիտակցությունը։

Էհիզոմվենգին, որը հայտնի է դարձել Ֆալկոնարա քաղաքում, հայտարարել է, որ ծրագրում է տոն կազմակերպել, սակայն ընդգծել է, որ այն նվիրված կլինի հենց փաստաթղթեր ստանալուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *