Մեր վերլուծություններում մշտապես դիտարկվել է ՀՀ արտահանման կառուցվածքը ըստ երկրների։ Արձանագրվել է, որ Ռուսաստանի մասնաբաժինը ՀՀ արտահանման ծավալներում չափազանց մեծ է, սակայն նկատվում է արտահանման ծավալների անկում։
Ռուսական կողմը սպառնում է կտրուկ քայլերով՝ գազի գների աննախադեպ աճով, Հայաստանի մուտքի սահմանափակմամբ ՌԴ և ԵԱՏՄ շուկաներ։
ՀՀ տնտեսության համար այս սպառնալիքները գուցե աննշան լինեին, եթե Ռուսաստանի մասնաբաժինը արտահանման կառուցվածքում այսքան մեծ չլիներ, և Հայաստանն ունենար ակտիվ ֆինանսատնտեսական կապեր ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչպես նաև հարևան երկրների հետ։ Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ իր նախկին աշխարհաքաղաքական հանգրվանում, և կտրուկ քայլերը սպառնում են խաթարել տնտեսության կայունությունը։
Այս մթնոլորտում ՀՀ արտահանման ծավալների կառուցվածքը, ըստ թոփ արտահանված ապրանքախմբերի, 2026թ․ առաջին եռամսյակում եղել է հետևյալը․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ արտահանման ծավալները կազմել են մոտ $1․8 մլրդ։ Դրանցից մոտ 25%-ը բաժին է ընկնում հանքահումքային արտադրանքին, 21%-ը՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից պատրաստված իրերին, 17%-ը՝ մեքենաներին, սարքավորումներին և մեխանիզմներին, իսկ 16%-ը՝ պատրաստի սննդի արտադրանքին։
Ցանկը եզրափակում են սարքերի և ապարատների արտահանումները՝ մոտ 3% մասնաբաժնով։
Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն․ դրանց հետևում կանգնած են հազարավոր տնտեսվարողներ, որոնք չափազանց զգայուն են նման կտրուկ փոփոխությունների նկատմամբ և դեռևս պատրաստ չեն ամեն պահի դիմակայելու աշխարհաքաղաքական նոր ալեկոծություններին, որոնք գնալով ավելի անխուսափելի են դառնում։