«Հրապարակ». Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է

Ընտրություններից ժամեր առաջ իրավապահները ձերբակալեցին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանին։ Դատարանը Աշոտյանին կալանավորեց մեկ ամսով: Քրեական հետապնդում է հարուցվել Աշոտյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա որդու, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի ու եւս 3 անձի նկատմամբ։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը Բրյուսովի համալսարանին պատկանած անշարժ գույքի օտարման մասին է։ ՔԿ պնդմամբ՝ 2009-2016 թթ․ Արմեն Աշոտյանը, մի խումբ անձանց հետ, «պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ», եւ պետության սեփականությունից դուրս են բերվել Երեւանի Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ մակերեսով անշարժ գույքն ու հողամասը։ Գույքի արժեքը գնահատվում է 208 միլիոն դրամ։ Ըստ հաղորդագրության՝ այն հետագայում փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ նրա հետ փոխկապակցված անձին, եւ «գույքի ծագումը թաքցնելու նպատակով այն նախ ձեւակերպվել է մեկ այլ անձի անունով, ապա 75 միլիոն դրամով գնվել եւ գրանցվել է Գագիկ Խաչատրյանի որդու անվամբ»։ Քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանին:

– Իրավապահները պնդում են, որ տեղի ունեցածը փողերի լվացում է, ինչո՞ւ հենց փողերի լվացում, ի՞նչ փողերի լվացման մասին է խոսքը:

– Իրականում, փողերի լվացման հոդվածը վաղեմության ժամկետի համար են ասպարեզ բերել: Կալանքի նիստի ժամանակ քննիչին հարց ուղղեցինք` ո՞ր փողն է եղել կեղտոտ կամ ո՞ր տարածքը, առհասարակ` ի՞նչն է լվացվել։ Սակայն քննիչը մեր հարցին այդպես էլ չպատասխանեց, հավանաբար` չուներ պատասխան: Տարածքը, որն իրացվել է, եղել է պետական տարածք, պատկանել է Բրյուսովի անվան համալսարանին եւ գնահատված արժեքից գնահատվել է 20-30 տոկոսով բարձր, անգամ նախաքննության ընթացքում կատարված փորձաքննությունն է դա հաստատել: Իսկ որ ամենակարեւորն է` այդ գումարը փոխանցվել է պետական բյուջե, այն ոչ ոք չի յուրացրել: Սեփականատերը ձեռներեց է, ոչ մի կապ չունի որեւէ ուժի հետ, մարդն ուղղակի իր գումարով որոշել է տարածք գնել, եթե այդտեղ գտնեք որեւէ հանցակազմի տարր, ապա խնդրում եմ՝ ինձ օգնեք, քանի որ ես երկար փնտրեցի, բայց այդպես էլ չգտա:

– Պուշկինի 38/1 հասցեում գտնվող 451 քմ տարածքն ի՞նչ տարածք է, բուհն ի՞նչ նպատակներով է այն օգտագործել:

– Ես այդ տարածքում չեմ եղել, սակայն գիտեմ, որ Բրյուսովին հատկացրած ինչ-որ մի անշարժ գույք են քանդել, նորակառույց շենքում դրա փոխարեն այլ տարածք են տրամադրել:

– ՔԿ-ն պնդում է, որ 208 միլիոն դրամի վնաս է հասցվել:

– Քիչ են նշել, վաճառվել է որոշակի ավելի բարձր գնով, ես չեմ կարող հիմա կոնկրետ թիվ ասել: Ամեն դեպքում, ես կարող եմ մի բան ասել` նպատակը եղել է Արմեն Աշոտյանին պատժելը, նրան կալանավորելը, բայց քանի որ ձեռքների տակ չի եղել այլ գործ, որոշել են սա գործի դնել: Անգամ ինձ թվում է` չեն էլ նայել, թե գործն ինչի մասին է: Կամ առհասարակ` այս գործով հնարավո՞ր է անձին տանել կալանքի, թե՞ ոչ: Այս գործը քննվել է 2019 թվականին: Դրա շրջանակներում մեծ ցուցմունք են վերցրել` բավականին մանրամասն, բայց անգամ մոռացել էի այս գործի մասին, քանի որ սովորական գործընթաց էր, նման գործընթացներ օրը մի քանի անգամ լինում են:

– Իսկ Գագիկ Խաչատրյանի որդու մեղքը ո՞րն է:

– Նա սեփականատերն է, բայց ոչ թե նա է սկզբում գնել, այլ՝ ուրիշ մեկը եւ հետո նոր վաճառել է Գ. Խաչատրյանի որդուն: Այստեղ ոչ մի խնդիր չկա: Մասնավոր անձ է, գնել է ինչ-որ մեկից, ո՞րն է խնդիրը: Այս գործի շրջանակներում բացարձակ չկար անհրաժեշտություն՝ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու, նա ո՛չ հեռանալու էր երկրից, ո՛չ խոչընդոտելու էր գործին, ումի՞ց պետք է Աշոտյանը փախչեր կամ ո՞ւմ վրա ազդեր, աբսուրդ է: Մարդը յոթ տարի շարունակ գիտեր այս գործի մասին, կան մանրամասն ներկայացված ցուցմունքներ: Եթե այս յոթ տարվա ընթացքում ոչ մեկի վրա չի ազդել, հիմա ինչո՞ւ պետք է ազդեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *