ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն իր մասշտաբներով աննախադեպ է լինելու պատմության մեջ: Ընդլայնվել է ինչպես մրցաշարի անցկացման ժամկետը (2022 թվականի 29 օրվա փոխարեն՝ 39 օր), այնպես էլ խաղերի քանակը. եզրափակիչ հասած թիմերը ստիպված են լինելու անցկացնել 8 հանդիպում:
Սպասվում է, որ առաջնությանը կհետևի ավելի քան 6 միլիարդ հանդիսատես՝ մոլորակի բնակչության մոտ երեք քառորդը: Սա արդեն պարզապես սպորտային իրադարձություն չէ, այլ տնտեսական հզոր շարժիչ։ Forbes Sport-ը վերլուծել է, թե որքան գումար են բրենդները պատրաստվում ներդնել գովազդի մեջ և տնտեսական ինչպիսի էֆեկտ է կանխատեսվում։
Աննախադեպ 10,5 միլիարդ դոլարի գովազդային բում
Աշխարհի առաջնության կոմերցիոն ներուժն ամենից հստակ արտահայտվում է այն գումարներով, որոնք ընկերությունները պատրաստ են ծախսել լսարանին հասնելու համար.
-
Գլոբալ գովազդային ծախսեր. Գովազդատուներն ամբողջ աշխարհում պատրաստվում են ռեկորդային՝ $10,5 միլիարդ ներարկել մրցաշարի գովազդային արշավների մեջ: Սա գրեթե կրկնակի գերազանցում է ամերիկյան ֆուտբոլի Ազգային լիգայի (NFL) ողջ 2025/26 մրցաշրջանի գովազդային բյուջեն ($5,7 միլիարդ)։
-
ՖԻՖԱ-ի ռեկորդային եկամուտներ. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ակնկալում է ստանալ $8,9 միլիարդ եկամուտ միայն հեռարձակման իրավունքներից, հովանավորչական պայմանագրերից, տոմսերի վաճառքից և հյուրընկալության ծառայություններից (ինչը 20%-ով ավելի է Կատարի ԱԱ-2022-ի ցուցանիշից): Իսկ ընթացիկ քառամյա փուլի (2023–2026 թթ.) ընդհանուր բյուջետային նպատակը ՖԻՖԱ-ն բարձրացրել է մինչև $13 միլիարդ։
-
ՖԻՖԱ-ի ծախսերը. Կազմակերպությունը մրցաշարի ընթացքում կծախսի $3,8 միլիարդ, որից $1,1 միլիարդը կուղղվի օպերացիոն ծախսերին, իսկ մոտ $1 միլիարդը՝ մրցանակային ֆոնդին:
Համեմատություն Փարիզի Օլիմպիադա-2024-ի հետ. ինչո՞ւ է ֆուտբոլն ավելի շահավետ
Մասշտաբների տարբերությունը հասկանալու համար որպես մոտակա կողմնորոշիչ կարելի է դիտարկել 2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերը, որոնք հավաքեցին մոտ 5 միլիարդ դիտող։ Սակայն Օլիմպիադայի տնտեսական արդյունքները Ֆրանսիայի համար եղան բավականին համեստ, եթե չասենք՝ հիասթափեցնող.
| Ցուցանիշ | Փարիզի Օլիմպիադա 2024 (Փաստացի) | Աշխարհի առաջնություն 2026 (Կանխատեսում) |
| Լսարան | ~5 միլիարդ մարդ | ~6 միլիարդ մարդ |
| Պետական ծախսեր / Ներդրումներ | €6 միլիարդ (սպասվածից €690 միլիոնով ավելի) | Ինֆրաստրուկտուրան արդեն առկա է (ԱՄՆ, Մեքսիկա, Կանադա) |
| Ազդեցությունը ՀՆԱ-ի վրա | Ընդամենը 0,07 տոկոսային կետ Ֆրանսիայի տարեկան ՀՆԱ-ում | $40,9 միլիարդի հավելյալ աճ գլոբալ ՀՆԱ-ին |
| Պետության ուղղակի եկամուտ | €294 միլիոն (հարկերից և կոմերցիայից) | $17,2 միլիարդ միայն ԱՄՆ ՀՆԱ-ի համար |
Ֆրանսիայի հաշվեքննիչ պալատի եզրակացությամբ՝ Օլիմպիական խաղերի երկարաժամկետ օգուտները մնում են անորոշ. ենթակառուցվածքային ներդրումները կլանեց գնաճը, իսկ «օլիմպիական» զբոսաշրջիկները պարզապես դուրս մղեցին սովորական, ավելի շատ ծախսող տուրիստներին:
Ի՞նչ ազդեցություն կունենա ԱԱ-2026-ը տնտեսության վրա
Ի տարբերություն Օլիմպիադայի, Աշխարհի առաջնության գլոբալ տնտեսական ազդեցությունը, ըստ ՖԻՖԱ-ի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համատեղ հետազոտության, կարող է չորս անգամ ավելի մեծ լինել:
-
Աշխատատեղեր. Մրցաշարը կստեղծի ավելի քան 824,000 աշխատատեղ ամբողջ աշխարհում:
-
ԱՄՆ-ի շահույթը. Ամենամեծ օգուտը կստանան Միացյալ Նահանգները: ԱՄՆ տնտեսության մեջ սպասվում է $17,2 միլիարդի ներհոսք և $10,2 միլիարդի աշխատավարձային եկամուտ՝ շնորհիվ բացվող 185,000 նոր աշխատատեղերի:
-
Առաջատար ոլորտները. ԱՄՆ-ում ամենաշատ եկամուտը կբերեն հանրային սնունդն ու հյուրանոցային բիզնեսը ($2,4 միլիարդ), անշարժ գույքը ($2 միլիարդ), ինչպես նաև մեծածախ ու մանրածախ առևտուրը ($1,5 միլիարդ): Global մասշտաբով հենց առևտրի ոլորտն է առաջատարը լինելու՝ ապահովելով $2,6 միլիարդի շրջանառություն աշխարհի մնացած հատվածում:
«Սա պարզապես մրցաշար չէ, սա մշակութային երևույթ է՝ հզոր ձգողականությամբ, որը միահյուսում է սպորտը, երաժշտությունը, ճանապարհորդությունն ու ինքնությունը: Աշխարհի առաջնություն 2026-ն ավելին է, քան պարզապես ֆուտբոլը», — նշում է YouGov Sport-ի գլոբալ ղեկավար Նիկոլ Պայկը:
Բրենդների համար այս առաջնությունը բացառիկ հարթակ է, որտեղ ներդրված միլիարդները կապիտալիզացվելու են պատմության մեջ ամենամեծ սպորտային լսարանի ուշադրության շնորհիվ: