Եթե ԵՄ-ն ՀՀ-ին ընդունի իր կազմ, շատ լավ, եթե ոչ, կլինենք բարձր ստանդարտներով երկիր․ Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ մենք թեև ժողովրդավարության և պետության տնտեսության զարգացման առումով շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել 2018 թվականի հեղափոխությունից հետո, բայց միևնույն ժամանակ, իհարկե, մենք առերեսվում ենք և ունենք լրջագույն պրոբլեմներ, և այդ լրջագույն պրոբլեմների լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ է․ այսօր ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմի հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ ականջն ուղղակի ծակեց հետևյալ արտահայտությունը, որ կառավարության շատ ինստիտուտներ դեռևս սվիններով են ընդունում առաջարկները, որոնք ներկայացնում է քաղհասարակությունը։ Ես համաձայն չեմ, որ կառավարությունը կամազուրկ, ամորֆ մի մարմին է, որ ինչ քաղաքացիական հասարակությունն ասաց, հլու պետք է կատարի։ Եկեք ուրեմն դերերով փոխվենք, եկեք դուք կառավարեք, մենք էլ գանք առաջարկներ ներկայացնենք։ Բայց ես չեմ էլ ասում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ մերժի։ Իմ ասածն այն է, որ պետք է տեղի ունենա բանավեճ, որովհետև այն, ինչ ընդունվում է առանց բանավեճի, ի սկզբանե սխալ է»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն աշխատանքային օրակարգ է, բայց «պետք է նաև ընդունել, որ այդ աշխատանքային օրակարգն ընդլայնվել է Հայաստանի և Եվրամիության միջև վերջին տարիներին հարաբերությունների աննախադեպ զարգացումով»։

«Մենք շարունակելու ենք այս ճանապարհը։ Այո՛, մենք ընդունել ենք օրենք ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, բայց մեր ռազմավարությունը նաև այն է, որ այս պրոցեսի մեջ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, այդ թվում՝ Եվրոպական միության նկատմամբ, որ մենք օրենք ենք ընդունել, դե հիմա մյուս ամիս մեզ ընդունեք Եվրամիություն։ Ո՛չ ամենևին, մեզ պետք է, որ այս պրոցեսի շուրջ լինի զրո նյարդ, և դա մեզ համար հնարավորություն է, որ մենք իսկապես համապատասխանենք ԵՄ չափանիշներին»,- ասաց նա։

Նրա խոսքով, երբ լինենք այդ կետում, Եվրամիության անդամ դառնալ-չդառնալը քաղաքական որոշման հարց է։

«Եվրամիությունը կարող է որոշել չընդլայնվել, կամ որոշել ընդլայնվել որոշակի տրամաբանությամբ։ Եթե Եվրոպական միությունը կորոշի մեզ ընդունել, շատ լավ, եթե կորոշի չընդունել, մենք էլի շահած դուրս կգանք, որովհետև կլինենք ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։ Մեր խնդիրն է, մեր նպատակն է, մեր ռազմավարությունն է լավագույն ստանդարտներին համապատասխանանող երկիր լինել, և մենք հասկանում ենք, որ այսօր հեռու ենք այդ կետից»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այս հարցում անհրաժեշտ է քաղաքական կամք, ռազմավարություն, տեսլական, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես հասնել այդ կետին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *