Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ցանկացած նոր անվտանգության համակարգ, որը կստեղծվի առանց Իսլամական Հանրապետության մասնակցության, դատապարտված է ձախողման, հաղորդում է Press TV-ն։
Ըստ նախարարի, ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած հակամարտությունը ցույց տվեց, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող կառուցվել Իրանի բացառման սկզբունքով։
«Վերջին պատերազմի փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանի անվտանգությունը չի կարող ձևավորվել Իրանի անտեսման կամ բացառման հիման վրա», — ընդգծել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
Արաղչին նշել է, որ անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է ստեղծվի տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցությամբ և հիմնվի կոլեկտիվ համագործակցության վրա։ Ըստ նրա, Մերձավոր Արևելքի երկրները աստիճանաբար գալիս են այն ըմբռնմանը, որ կայուն անվտանգությունը, տնտեսական զարգացումն ու կայունությունը հնարավոր են միայն փոխգործակցության և տարածաշրջանի բոլոր պետությունների ընդհանուր շահերը հաշվի առնելու միջոցով։
ԻԻՀ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ վերջին պատերազմը աշխարհին ցույց տվեց ոչ միայն Իրանի ռազմական ներուժը, այլև ազգային միասնության բարձր մակարդակը։
«Այն, ինչ աշխարհին ցույց տվեց Իրանի ուժի իրական կերպարը, ոչ միայն ռազմական հնարավորություններն էին, այլև ազգային համախմբվածությունը, ժողովրդի տոկունությունն ու իրադարձությունների հարթակում նրա գիտակցված ներկայությունը», — ասել է նա։
Արաղչիի կարծիքով, Իրանը հասել է ոչ միայն տակտիկական և օպերատիվ հաջողությունների, այլև կարևոր ռազմավարական արդյունքների, որոնց ազդեցությունն արդեն արտացոլվում է տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։ Նա նշել է, որ վերջին իրադարձությունները քանդել են Իրանի՝ որպես թույլ և մեկուսացված պետության մասին պատկերացումը։
«Այսօր տարածաշրջանում և աշխարհում բազմաթիվ պաշտոնյաներ ու քաղաքական դիտորդներ ընդունում են, որ Իրանն այս պատերազմից դուրս է եկել ավելի ուժեղ և ավելի համախմբված», — ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչին հավելել է, որ հակառակորդների նպատակներից մեկը երկրի ներքին կայունությունը խաթարելն ու իրանցի ժողովրդի կամքը կոտրելն էր, սակայն ազգային միասնությունն ու հանրային աջակցությունն, ըստ նրա, տապալել են այդ ծրագրերը։