Ինչպես Škoda-ն դարձավ Եվրոպայի մեծությամբ երկրորդ ավտոմոբիլային բրենդը

Škoda Auto-ն Եվրոպայում ցուցադրել է վաճառքների կտրուկ աճ՝ 2026 թվականի առաջին եռամսյակում հասնելով 223,5 հազար ավտոմեքենայի, գրել է Autocar-ը։

Škoda Auto-ի գլխավոր տնօրեն Կլաուս Ցելմերն այս արդյունքը կապել է կայուն բիզնես-մոդելի, էլեկտրական մեքենաների ուղղության աճի և կորպորատիվ մշակույթի հետ, որը հիմնված է թիմային աշխատանքի և աշխատակիցների նախաձեռնողականության վրա։

Արդյունքների համաձայն՝ ընկերությունը դարձել է Եվրոպայի մեծությամբ երկրորդ ավտոարտադրողը Volkswagen-ից հետո և ընդգրկվել տարածաշրջանի ամենաարագ աճող բրենդների շարքում։

«Մեր աճը շուկայում կազմում է 17 տոկոս, իսկ աճն ինքնին տեղի չի ունենում։ Եկամուտն աճել է 9 տոկոսով, իսկ շահույթը՝ 21 տոկոսով»,- նշել է Ցելմերը։

Նա ընդգծել է, որ հաջողության առանցքային գործոնը ոչ թե կառավարման կոշտ ուղղահայացն է, այլ այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ աշխատակիցները կարող են ազատորեն գաղափարներ առաջարկել և մասնակցել որոշումների կայացմանը։ Նրա խոսքով՝ շուկայի ժամանակակից պայմանները չափազանց բարդ են ղեկավարման ավտորիտար ոճի համար։

Ցելմերը նաև ուշադրություն է հրավիրել առաջնորդի անձնական որակի՝ հետաքրքրասիրության դերի վրա.

«Հետաքրքրասիրությունը նման է մարտկոցի, որը մշտապես էներգիա է տալիս սովորելու և նոր հարցեր առաջադրելու համար»։

Ավելի վաղ նա աշխատել էր Porsche-ում՝ ԱՄՆ-ում, այնուհետև զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Volkswagen Group-ում, որտեղ ձեռք է բերել կառավարման փորձ համավարակային ճգնաժամի և ոլորտի լայնածավալ վերափոխման պայմաններում։

Ցելմերը նշել է, որ հաջողությունը բացառապես իրեն չի վերագրում՝ ընդգծելով թիմի դերը։

«Ես արդյունքների չեմ հասնում միայնակ. ես դրանց հասնում եմ թիմի հետ միասին, որին պետք է ուղղորդել և ոգեշնչել»,- ընդգծել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *