«Հրապարակ» թերթը գրում է ․ Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել եւ հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին:
Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, եւ ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տեւած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է եւ ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը։
Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով եւ 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գեւորիկը եւ մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։
Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։
«Հրապարակ» թերթը գրում է. «Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:
Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։
Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:
«Հրապարակ» թերթը գրում է. Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։
Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում չանցավ Զարթոնքի կամրջի վրայով, որը գյուղ տանող ճանապարհի հետ ասֆալտապատվել է մեկ տարի առաջ։
Որովհետև մեկ ձմեռն էլ բավական էր՝ ի ցույց դնելու այս կառավարության դելետանտությունը, որը նույնիսկ որակյալ ասֆալտ փռելու գործում է թերանում։ Կամուրջն ընդամենը մեկ տարի առաջ է նորոգվել ու ասֆալտապատվել, բայց նորից այն տեսքն է ստացել, ինչ ուներ նախկինում։
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին սկսել է հունից հանել նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ինքնագոհ պահվածքը. «Հռոմի պապից ավելի կաթոլիկ ա իրեն պահում, իբր հա էլի…»,-վրդովված նշեց ՔՊ աղբյուրը:
Նաեւ դժգոհեց, թե նրա թեւերի տակ ձմերուկը հենց Նիկոլ Փաշինյանն է դրել. «Ավելին՝ եթե, իրոք, Փաշինյանից նեղված լիներ կամ հակառակը, Սարգսյան Հայկը հիմա խի նո՞ր էր ճաղերի հետեւում»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ-ի կուլիսներում շրջանառվող շշուկների, ամիսներ շարունակ գովազդված ներկուսակցական ընտրությունները՝ այսպես կոչված, փրայմերիզը, իրականում ընդամենը ձեւական ծես է եղել՝ հանրությանը ներկայացվող ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։
Ասում են, թե ՔՊ-ի նախընտրական ցուցակը կազմելու գործում իրականում ներքին քվեարկությունն ազդեցություն չի ունեցել։ Ավելին՝ թեկնածուների վերջնական դասավորությունը կազմվել է մեկ կենտրոնից՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ՝ «հատիկ առ հատիկ» ընտրելով հավատարիմ եւ վերահսկելի գործիչների։