Զելենսկին առաջարկել է Թրամփի և Մակրոնի ներկայությամբ հանդիպել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ֆրանսիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Զելենսկու խոսքով՝ հանդիպումը կարող էր կայանալ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդների ներկայությամբ, ինչը, նրա կարծիքով, բանակցությունների համար բարենպաստ պայմաններ կստեղծեր:

«Մենք հասկացնել ենք տվել, որ պատրաստ ենք հանդիպել Պուտինի հետ G7 գագաթնաժողովի ժամանակ, որովհետև այնտեղ կլինեն (ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ – խմբ.) Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը… Սա լավ հնարավորություն է բոլորով միասին հանդիպելու համար», – հայտարարել է նա:

Զելենսկին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, Ռուսաստանը երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերել:

«Եվրոպան և Միացյալ Նահանգները համաձայնության եկան, իսկ Ռուսաստանը կրկին դրսևորեց, որ պատրաստ չէ երկխոսության», – հավելել է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *