Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն բռնաբարությունների գործով դատապարտել են 4 տարվա ազատազրկման

Օսլոյի դատարանը 29-ամյա Մարիուս Բորգ Հոյբիին մեղավոր է ճանաչել բռնաբարության վերաբերյալ մեղադրանքի երկու կետով և դատապարտել նրան չորս տարվա ազատազրկման։ Գործով բռնաբարության մասին հայտարարություններով հանդես են եկել չորս կանայք։

Ընդհանուր առմամբ Հոյբին մեղավոր է ճանաչվել 40 մեղադրանքից 34-ի մասով, այդ թվում՝ նախկին ընկերուհու նկատմամբ ընտանեկան բռնության, ինչպես նաև թմրանյութերի պահման և տարածման համար, հայտնում է Reuters-ը։ Միևնույն ժամանակ նա արդարացվել է բռնաբարության երկու դրվագով։

Դատախազությունը նրա համար պահանջում էր 7 տարի և 7 ամիս ազատազրկում։ Ինքը՝ Հոյբին, հերքում էր ամենածանր մեղադրանքները, սակայն ընդունել է ավելի նվազ ծանրության մի շարք դրվագներ։

Մարիուս Բորգ Հոյբին Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդին է առաջին ամուսնությունից։ Նա գահի նկատմամբ իրավունքներ չունի։ Մետտե-Մարիտը ամուսնացել է Նորվեգիայի գահի ժառանգորդ թագաժառանգ արքայազն Հակոնի հետ, երբ Հոյբին չորս տարեկան էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *