Ավստրալիայի օդերևութաբանության բյուրոն (BoM) պաշտոնապես հայտարարել է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտում «Էլ Նինյո» կլիմայական երևույթի մեկնարկի մասին՝ զգուշացնելով երկրի որոշ շրջաններում շոգ և չոր եղանակի բարձր ռիսկի մասին։ Այս մասին հայտնում է ABC հեռուստառադիոկորպորացիան։
Օդերևութաբանների տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում ջրի մակերևույթի ջերմաստիճանը հասել է «Էլ Նինյոյի» չափանիշներին համապատասխանող ցուցանիշների, և բյուրոն ակնկալում է, որ ընթացիկ երևույթը կլինի «շատ ուժգին»։
Մասնագետները նաև նշում են, որ «Էլ Նինյոն» սովորաբար ուղեկցվում է Ավստրալիայի արևելյան ու հարավարևելյան հատվածներում տեղումների քանակի նվազմամբ և օդի ջերմաստիճանի բարձրացմամբ։ Իսկ նման պայմաններն իրենց հերթին մեծացնում են երաշտների, անտառային հրդեհների և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկման ռիսկը։
Ավելի վաղ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) նույնպես հաստատել էր «Էլ Նինյոյի» ձևավորումը՝ հայտնելով, որ 63% հավանականությամբ ընթացիկ երևույթը կդասվի 1950 թվականից (դիտարկումների մեկնարկից) ի վեր արձանագրված ամենահզորների շարքին։ Օդերևութաբանների գնահատմամբ՝ Ավստրալիայում սպասվող ձմեռն ու գարունը, հատկապես մայրցամաքի արևելյան ու հարավային շրջաններում, կարող են կլիմայական նորմայից ավելի տաք և չոր լինել։
«Էլ Նինյոն» իրենից ներկայացնում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտու մակերևութային ջրերի պարբերական տաքացում, որն ազդում է աշխարհի բազմաթիվ տարածաշրջանների եղանակային պայմանների վրա։ Ավստրալիայում այս երևույթն ավանդաբար կապվում է շոգ և չոր եղանակի, անտառային հրդեհների ու երաշտների բարձր ռիսկի հետ։ Վերջին «Էլ Նինյոն» դիտվել էր 2023-2024 թվականներին։