Նույնիսկ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագիրը հանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը, փետրվարի 28-ին Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո սկսված պատերազմի հետևանքները դեռ երկար տարիներ կզգացվեն։ Դրանք արդեն իսկ խորը փոփոխություններ են առաջացրել համաշխարհային տնտեսության ու միջազգային քաղաքականության մեջ, գրում է The New York Times պարբերականը։
Հոդվածի հեղինակ Պատրիցիա Քոենը նշում է, որ հակամարտությունը սկիզբ է դրել այնպիսի գործընթացների, որոնց հետ շրջելը չափազանց բարդ կլինի։ Գլխավոր հետևանքներից մեկը դարձել է համաշխարհային էներգետիկ շուկայի տրանսֆորմացիան։ Պարսից ծոցի տարածաշրջանից նավթի և գազի մատակարարումների գրեթե ամբողջական դադարեցումն ու գների կտրուկ բարձրացումը ամբողջ աշխարհի պետություններին ստիպել են փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ և նոր մատակարարներ։
Փորձագետների կարծիքով՝ էներգետիկ ճգնաժամը կարագացնի վերականգնվող էներգիայի աղբյուրներին, այդ թվում՝ արևային ու քամու կայաններին, ինչպես նաև ատոմային էներգետիկային անցումը։ Վերլուծաբանները նշում են, որ էներգիայի պահպանման ժամանակակից տեխնոլոգիաներն ու էլեկտրատրանսպորտի էժանացումն այս անցումը շատ ավելի իրատեսական են դարձնում, քան 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո սկսված էներգետիկ ճգնաժամի ժամանակ։
Հոդվածում հատուկ ուշադրություն է դարձվում Չինաստանին, որը, փորձագետների կարծիքով, դառնում է այս փոփոխությունների գլխավոր շահառուն։ Չինական ընկերությունները գերիշխող դիրք ունեն արևային վահանակների, մարտկոցների, տրանսֆորմատորների, բարձրավոլտ մալուխների, էներգահամակարգերի կառավարման ծրագրային ապահովման և էներգետիկ ենթակառուցվածքների մյուս առանցքային բաղադրիչների արտադրության մեջ։ Պեկինի ազդեցությունը կշարունակի աճել այնքան ժամանակ, քանի դեռ ավելի ու ավելի շատ երկրներ ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ համակարգերը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որն ուղղված է վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախագծերի զարգացման սահմանափակմանը, ինչպես պնդում են հոդվածի հեղինակները, փաստացի նշանակում է Վաշինգտոնի հրաժարումն այս գլխավոր մրցակցությունից և տեխնոլոգիական առավելության փոխանցումը Չինաստանին։
Հոդվածում նաև խոսվում է նավթ արդյունահանող խոշորագույն երկրների միջև տեղի ունեցող լուրջ փոփոխությունների մասին։ Պատերազմն ավելի է խորացրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի միջև տարաձայնությունները և նպաստել ՕՊԵԿ+ դաշինքից Էմիրությունների դուրս գալուն, ինչը կարող է լրացուցիչ անկայունություն առաջացնել նավթի շուկայում։ Դրան զուգահեռ՝ Սաուդյան Արաբիան սկսել է ավելի ակտիվորեն մերձենալ Ռուսաստանին։
Հեղինակները նշում են, որ Ռուսաստանը նույնպես մի շարք առավելություններ է ստացել։ Մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը Մոսկվային թույլ է տվել էներգակիրների համաշխարհային բարձր գների պայմաններում մեծացնել նավթի արտահանումից ստացվող եկամուտները։
Փորձագետների կարծիքով՝ պատերազմի ամենամտահոգիչ հետևանքներից մեկը դարձել է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության նկատմամբ վստահության թուլացումը, որը Պարսից ծոցից նավթի և գազի մատակարարման հիմնական տրանսպորտային զարկերակն է։ Վերլուծաբանները կարծում են, որ նույնիսկ հակամարտության ավարտից հետո նավագնացության ազատության նկատմամբ նախկին վստահությունն այլևս չի վերականգնվի։
Բացի այդ, հարվածի տակ է հայտնվել Պարսից ծոցի երկրների՝ որպես առևտրի ու ներդրումների կայուն և անվտանգ կենտրոնների համբավը։ Հակամարտության ընթացքում իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Արաբական Միացյալ Էմիրությունների օբյեկտներին, ինչը կասկածի տակ է դրել տարածաշրջանի տնտեսական մոդելի կայունությունը։
Հեղինակներն առավել խիստ են գնահատում Միացյալ Նահանգների համար առաջացած հետևանքները։ Հոդվածում նշվում է, որ Իրանի դեմ պատերազմ հրահրելու Թրամփի որոշումը, նրա անկանխատեսելի քաղաքականության հետ մեկտեղ, էլ ավելի է խարխլել միջազգային կարգն ու համաշխարհային առևտրի կայունությունն ապահովելու Վաշինգտոնի կարողության հանդեպ վստահությունը։
Միջազգային արժութային հիմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Մորիս Օբստֆելդը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը, հայտարարել է, որ Իրանի շարունակվող դիմադրությունը լուրջ հարված էր աշխարհի կողմից ԱՄՆ-ին՝ որպես անվտանգության երաշխավոր, ընկալմանը։ Նրա կարծիքով՝ հակամարտությունն ի ցույց է դրել ամերիկյան ռազմական ուժի սահմանափակումները և կասկածի տակ դրել առանցքային առևտրային երթուղիների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ԱՄՆ-ի ունակությունը։
Տնտեսական հետևանքները նույնպես պակաս ծանր չեն։ Համաշխարհային բանկն արդեն իսկ վատթարացրել է ընթացիկ տարվա գլոբալ տնտեսական աճի կանխատեսումը՝ այն 2,9-ից իջեցնելով 2,5 տոկոսի։ Դրան զուգահեռ՝ արագանում է գնաճը, իսկ կենտրոնական բանկերը ստիպված են բարձր պահել տոկոսադրույքները։ Սա մեծացնում է պարտքային բեռը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար, որոնք միաժամանակ կանգնած են պաշտպանական ծախսերն ավելացնելու և էներգակիրների թանկացման պայմաններում բնակչությանը աջակցելու անհրաժեշտության առաջ։
Հոդվածի հեղինակների գնահատմամբ՝ Իրանի շուրջ բռնկված պատերազմը ոչ միայն փոխել է Մերձավոր Արևելքում ուժերի դասավորությունը, այլև արագացրել է գլոբալ այնպիսի գործընթացներ, որոնց հետևանքները դեռ երկար տարիներ կկանխորոշեն համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների զարգացումը։