Շվեդիայի խորհրդարանը քվեարկել է ներգաղթյալների իրավունքների նկատմամբ քաղաքականության հետագա խստացման օգտին՝ աջակցելով այնպիսի օրենքների, որոնք իշխանություններին հնարավորություն են տալիս չեղարկել կացության թույլտվությունները «վատ վարքագծի» անորոշ չափանիշների հիման վրա, ինչպես նաև պարտավորեցնում են պետական հատվածի աշխատողների մեծ մասին հայտնել ցանկացած անձի մասին, որը կասկածվում է օրինական կարգավիճակ չունենալու մեջ, գրում է The Guardian-ը։
Նոր օրենսդրական միջոցներն ընդունվել են սեպտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և արտացոլում են Եվրոպայում ոչ եվրոպական ծագում ունեցող անձանց նկատմամբ ամենախիստ համակարգերից մեկը ստեղծելու մտադրության մասին հայտարարող աջ կենտրոնամետ կառավարության (որն այժմ հենվում է աջ պոպուլիստական «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության աջակցության վրա) և ծայրահեղ աջերի միջև առճակատումը։
Երկուշաբթի ուշ երեկոյան պատգամավորները քվեարկել են այսպես կոչված «պատշաճ վարքագծի» մասին օրենքի օգտին։ Այն տարածվելու է ներկա և ապագա ռեզիդենտների վրա, ինչպես նաև կարող է հետադարձ ուժով կիրառվել երկրի ներկայիս բնակիչների զգալի մասի նկատմամբ։
«Յուրաքանչյուր ոք, ով ջանք չի գործադրում իրեն պատշաճ պահելու համար, չպետք է մնալու իրավունք ակնկալի»,- մարտին օրինագիծը ներկայացնելիս հայտարարել էր Շվեդիայի միգրացիայի նախարար Յոհան Ֆորսելը։
Թեև օրենքը չի հստակեցնում, թե վարքագծի կոնկրետ որ ձևերն են համարվում անընդունելի, կառավարությունն ավելի վաղ նշել էր մի շարք օրինակներ, մասնավորապես՝ չվճարված պարտքերը, հարկերից խուսափելը, հանցավոր գործունեությունը և ծայրահեղական կազմակերպությունների հետ կապերը։
Թույլտվությունների ստուգմամբ կզբաղվի Շվեդիայի միգրացիոն գործակալությունը, իսկ դրա որոշումները հնարավոր կլինի բողոքարկել։
Օրենքը կտրուկ արժանացել է ընդդիմության և իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությանը, որոնք չափանիշները կամայական են համարում։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել կացության թույլտվությունների մերժման կամ չեղարկման այնպիսի վարքագծի հիման վրա, որը Շվեդիայի քաղաքացիների համար անօրինական չէ։
Ստոկհոլմում տեղակայված Civil Rights Defenders կազմակերպությունը հայտարարել է, որ օրենքը «խարխլում է իրավունքի գերակայությունը» և անորոշություն է ստեղծում այն մասին, թե որ գործողությունները կամ արտահայտությունները կարող են օգտագործվել մարդու դեմ։
Խորհրդարանը միաժամանակ ձայների չնչին առավելությամբ հավանություն է տվել վիճահարույց, այսպես կոչված «մատնությունների մասին օրենքին», որը պարտավորեցնում է պետական հատվածի շատ աշխատողների հայտնել ցանկացած անձի մասին, ում նրանք երկրում գտնվելն անօրինական են համարում։
Օրենքն ընդունվել է 174 կողմ և 172 դեմ ձայներով։ Քննադատները նախազգուշացնում են, որ այն կարող է բացասաբար անդրադառնալ ներգաղթյալների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, ինչպես նաև մեծացնել ռասայական բնութագրման վտանգը։