Բայդենը սարսափելի սխալ է գործել՝ առաջադրվելով երկրորդ ժամկետի համար․ Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի երկրորդ ժամկետով վերընտրվելու որոշումը սոսկալի սխալ էր։ Այս մասին խոստովանել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի խոսքերը մեջբերում է Guardian թերթը:

«Նա սոսկալի սխալ թույլ տվեց թե՛ իր, թե՛ իր թողած ժառանգության և թե՛ երկրի համար»,- թերթը մեջբերում է Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ Քլինթոնի հնչեցրած խոսքերը:

Նրա խոսքով՝ առաջին ժամկետի ավարտից հետո հեռանալու սեփական խոստումից Բայդենի հրաժարվելը աղետալի հետևանքներ ունեցավ: Քլինթոնը վստահություն է հայտնել, որ եթե դա չլիներ, Դեմոկրատական կուսակցությունը կկարողանար իր շարքերում ավելի ուժեղ թեկնածու գտնել։

«Հավատում եմ, որ այդ մրցապայքարում ով էլ հաղթող դուրս գար՝ լիներ փոխնախագահը, նահանգապետը, սենատորը, թե մեկ ուրիշը, նա կհաղթեր Դոնալդ Թրամփին»,- ասել է քաղաքական գործիչը։

Բայդենը 2024 թվականի հուլիսին՝ Թրամփի հետ ձախողված բանավեճից հետո, հանեց իր թեկնածությունը ընտրություններից, ինչից հետո դեմոկրատների կողմից առաջադրվեց նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը։ Այդուհանդերձ, նրան չհաջողվեց հաղթել հանրապետական թեկնածուին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *