Իրանը վերադառնում է միջուկային բանակցություններին և այլևս չի վախենում ԱՄՆ-ից․ WSJ

Իրանի իշխանությունները պատրաստվում են վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, սակայն «ապրած փորձություններից» հետո երկիրն այլևս առաջվա պես չի վախենում Ամերիկայի Միացյալ Նահանգների քայլերից։ Այս մասին հունիսի 16-ին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը։

«Ավելի քան երեք ամիս տևած ռմբակոծություններից ու շրջափակումից հետո ԱՄՆ-ն ու Իրանը կրկին հայտնվել են ելման կետում։ Նրանք պատրաստվում են Թեհրանի միջուկային հավակնությունները սահմանափակելու շուրջ սպասվող բարդ բանակցություններին։ Այս անգամ, սակայն, իրանցիները բանակցությունների սեղանի շուրջ կնստեն արժեքավոր փորձով զինված վիճակում. նրանք արդեն գիտեն, որ կարող են դիմակայել այն վատթարագույն հարվածներին, որոնք ամերիկացիները կարող են հասցնել իրենց»,- նշված է հոդվածում։

Հոդվածագիրն ընդգծում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում էին, թե ռմբակոծություններից հետո Թեհրանը լուրջ զիջումների կգնա, դա տեղի չի ունենա։ Ընդհակառակը՝ Իրանի իշխանություններն էլ ավելի են ամրապնդել իրենց դիրքերը և, Հորմուզի նեղուցը վերահսկելով, ազդեցության նոր լծակ ձեռք բերել:

«Իրանն այս պատերազմից դուրս է գալիս էյֆորիայի զգացումով։ Նրանք վերահսկում են Հորմուզի նեղուցը, և ռազմական առումով ոչ ոք չկարողացավ ստիպել նրանց նահանջել»,- նշել է Իսրայելի Ռայխմանի համալսարանի Իրանի հարցերով փորձագետ Մեիր Ջավեդանֆարը։

Հոդվածագրի կարծիքով՝ այս պատերազմը «բացահայտել է ամերիկյան ռազմական հզորության սահմանափակումները», ինչն էլ թուլացրել է ապագայում Թեհրանից միջուկային ծրագրի շուրջ զիջումներ կորզելու հարցում Վաշինգտոնի դիրքերը։

«Ինչ վերաբերում է միջուկային բանակցություններին, մենք վերադարձել ենք մինչպատերազմյան փուլին, բայց արդեն առանց ԱՄՆ-ի ազդեցության լծակների։ Պանդորայի արկղն արդեն բացված է, ամեն ինչ փորձարկված է, և Իրանն այլևս կարծում է, թե կորցնելու կամ վախենալու ոչինչ չունի։ Իրանական կողմի տեսանկյունից՝ վատթարագույնն արդեն տեղի է ունեցել, և իրենք դիմակայել են դրան»,- հայտարարել է Gulf International Forum վերլուծական կենտրոնի տնօրեն Դանիա Թաֆերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *