Իրանը ՄԱԿ-ում նշել է, որ Մերձավոր Արևելքում տիրող անկայունության գլխավոր աղբյուրն Իսրայելն է

Իսրայելի մեղադրանքներին պատասխանելու նպատակով Իրանի իշխանությունները նամակ են հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հայտարարելով, որ Թեհրանի վերջին ռազմական գործողությունները եղել են օրինական և համաչափ ինքնապաշտպանական միջոցներ և իրականացվել են համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին փաստաթուղթն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահին։ Նամակում հերքվում են այն մեղադրանքները, որոնք տեղ էին գտել հունիսի 9-ին Իսրայելի ներկայացրած դիմումի մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Իսրայելը Մերձավոր Արևելքում անկայունության հիմնական աղբյուրն է և շարունակում է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար։ Շեշտվում է նաև, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 73 հազար մարդ, և վիրավորվել՝ ավելի քան 170 հազար խաղաղ բնակիչ։

Պատասխանելով Իսրայելի պահանջներին՝ Իրանը հայտարարել է, որ իր հունիսի 7-ի գործողությունները պատասխան քայլ են ապրիլի 8-ի հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին, ինչպես նաև իսլամական հանրապետության դեմ շարունակվող գործողություններին, այդ թվում՝ իրանական նավերի, քաղաքացիական ենթակառուցվածքների և երկրի տարածքում գտնվող օբյեկտների վրա հարձակումներին։

Նամակի համաձայն՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի մի շարք ռազմական օբյեկտներին։ Թեհրանում ընդգծել են, որ այդ քայլերը եղել են անհրաժեշտ, համաչափ և ուղղված են եղել բացառապես ռազմական թիրախների դեմ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ Իսրայելը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, երկու խոշոր ռազմական հարձակում է իրականացրել Իրանի դեմ՝ 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին։ Իրանն այս գործողությունները որակում է որպես ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտում։ Նամակում շեշտվում է, որ հարվածները հասցվել են քաղաքացիական օբյեկտներին և հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի։

Բացի այդ, Թեհրանը հիշեցրել է Բեյրութում իրանցի վեց դիվանագետների սպանության, Լիբանանում իրանական շահերի դեմ հարձակումների, ինչպես նաև 2024 թվականի ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական դիվանագիտական համալիրին հասցված հարվածի մասին, որն Իրանը դիտարկում է որպես միջազգային իրավունքի և դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության խախտում։

Նամակում առանձնակի ուշադրություն է դարձվել Լիբանանում տիրող իրավիճակին։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է խախտել 2024 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ պարբերաբար ռազմական գործողություններ իրականացնելով և խախտելով այդ երկրի օդային տարածքը։

Եզրափակելով նամակը՝ Թեհրանը նախազգուշացրել է, որ Իրանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ ազգային շահերի դեմ ուղղված ցանկացած նոր քայլ կստանա «կոշտ և վճռական պատասխան»։ Երկրի իշխանություններն ընդգծել են, որ նոր ռազմական հարձակումների դեպքում պատրաստ են օգտվել իրենց ինքնապաշտպանության իրավունքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *