Արհեստական բանականությունը (AI) կհանգեցնի աշխատուժի անբավարարության, ոչ թե մարդկանց փոխարինմանը․ Reuters-ի հաղորդմամբ՝ կանխատեսել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։
Բեզոսը ներկայացրել է տեխնոլոգիաների՝ մարդկությանն օգնելու մասին լավատեսական պատկերացում՝ խոսելով մի շարք նախագծերի, այդ թվում՝ տիեզերական հետազոտությունների ոլորտում իր նախաձեռնության՝ Blue Origin-ի, ինչպես նաև իր նոր AI ստարտափի՝ Prometheus-ի մասին։
«Գիտեմ, որ շատերն՝ այդ թվում բազմաթիվ խելացի մարդիկ, մտահոգված են, որ արհեստական բանականությունը կարող է մարդկանց դարձնել ավելորդ: Ես բոլորովին համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Կարծում եմ՝ իրականում արհեստական բանականությունը կհանգեցնի աշխատուժի անբավարարության», – ասել է Բեզոսը։
Այս հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ տարբեր խոշոր ընկերություններ, արհեստական բանականության ոլորտում մեծածավալ ներդրումներ կատարելուց հետո, կրճատում են հազարավոր աշխատատեղեր։
Բեզոսն՝ աշխարհի չորրորդ ամենահարուստ մարդը՝ շուրջ 250 միլիարդ դոլար կարողությամբ, պնդել է, որ մարդիկ ունեն «անսահման» անելիքներ և ներկայումս սահմանափակված են տարբեր խոչընդոտներով, որոնք, նրա խոսքով, հնարավոր կլինի նվազեցնել AI-ի միջոցով։
Միևնույն ժամանակ, Amazon-ը, սկսած անցյալ տարվա վերջից, կրճատել է մոտ 30․000 կորպորատիվ աշխատատեղեր, մասամբ՝ արհեստական բանականության արդյունավետության աճի պատճառով։ Ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին ավելի վաղ նշել էր, որ AI գործիքների միջոցով ավտոմատացման ընդլայնումը կհանգեցնի կորպորատիվ աշխատատեղերի կրճատման։