Կիպրոսի Հանրապետությունից Ռուսաստան է արտահանձնվել ՌԴ մի քաղաքացի, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Մեղադրյալին ռուս իրավապահներին են հանձնել Լարնակայի օդանավակայանում։
ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ 2015-2019 թվականներին նա ղեկավարել է երկու առևտրային կազմակերպություն։ Քննության վարկածով՝ տղամարդը հարկային մարմիններին ներկայացրել է կեղծ հայտարարագրեր՝ իր վերահսկողության տակ գտնվող ընկերությունների հետ կապալառուական պայմանագրերի վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթերի՝ այդ ընկերություններն իբր շինանյութ են մատակարարել և շինմոնտաժային աշխատանքներ կատարել։
Իրավապահները կարծում են, որ այս կեղծ սխեմայի շնորհիվ նրան հաջողվել է զգալիորեն նվազեցնել հարկային պարտավորությունները։ Պետությանը հասցված վնասը գնահատվում է ավելի քան 2,6 միլիարդ ռուբլի։
Գործարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելը)։ Քննության մեկնարկից հետո նա լքել էր Ռուսաստանը, ինչից հետո ՌԴ Գլխավոր դատախազության հանձնարարությամբ Ինտերպոլի գծով նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել։
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ փախուստի մեջ գտնվող տղամարդուն հաջողվել է ձերբակալել Կիպրոսում՝ ռուս իրավապահների և արտասահմանյան գործընկերների՝ Ինտերպոլի խողովակներով սերտ համագործակցության շնորհիվ։ Գործի նյութերն ուսումնասիրելուց հետո Կիպրոսի իշխանությունները որոշում են կայացրել նրան հանձնել ռուսական կողմին։
Այս պահին Ինտերպոլի ռուսաստանյան բյուրոյի և Պատիժների իրականացման դաշնային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մեղադրյալին տեղափոխում են Մոսկվա՝ քննչական հետագա գործողությունները շարունակելու համար։