Porsche Taycan էլեկտրամեքենան ստացել է անսովոր թարմացում․ այժմ սեփականատերերը կկարողանան միացնել վիրտուալ փոխանցման տուփի համակարգ, որը նմանակում է ներքին այրման շարժիչով ավանդական սպորտային ավտոմեքենայի աշխատանքը։ E-Shift անվանումով նոր գործառույթը հայտնվել է մի շարք այլ բարելավումների հետ միասին, ներառյալ ընթացքի պաշարի ավելացումը և մուլտիմեդիա համակարգի արդիականացումը, գրում է Autocar-ը։
E-Shift համակարգը ստեղծում է ութաստիճան հաջորդական փոխանցման տուփի էֆեկտ։ Այն ակտիվացնելուց հետո թվային գործիքակալի վրա հայտնվում է տախոմետր, իսկ «փոխանցումները» կարելի է «փոխել» GT սպորտային ղեկի տակ գտնվող թերթիկներով։ Porsche-ի խոսքով՝ վարորդը կզգա փոխանցումների փոփոխությանը բնորոշ հրումներ և շարժիչով արգելակման էֆեկտ, ինչպես բրենդի բենզինային մոդելներում։
Իրատեսականությունն ուժեղացնելու համար ինժեներներն ավելացրել են արհեստական ձայնային ուղեկցում։ Ընդ որում, վիրտուալ շարժիչի բնույթը և «տուփի» աշխատանքի ալգորիթմը տարբերվում են՝ կախված Taycan-ի տարբերակից։ Համակարգը ներառված է Sport Chrono փաթեթում, իսկ 1094 ձիաուժ հզորությամբ առաջատար Porsche Taycan Turbo GT-ի համար այն հասանելի կլինի լռելյայն։
Հետաքրքիր է, որ վիրտուալ փոխանցման տուփի գաղափարը եկել է ոչ թե ավանդական սպորտքարերի աշխարհից, այլ կորեական արտադրողից։ Նմանատիպ համակարգով առաջին սերիական էլեկտրական մոդելը Hyundai Ioniq 5 N-ն էր։ Ավտոմեքենան բարձր գնահատականներ ստացավ փորձագետներից այն բանի համար, որ կարողացավ էլեկտրամեքենաներին վերադարձնել դասական սպորտային մեքենաներին բնորոշ հույզերի և ներգրավվածության մի մասը։
Porsche-ի GT ստորաբաժանման ղեկավար Անդրեաս Պրոյնինգերը ավելի վաղ խոստովանել էր, որ տպավորված էր Hyundai-ի լուծմամբ։ Նրա խոսքով՝ հենց Ioniq 5 N-ի ղեկավարման փորձն էր ստիպել Porsche-ի ինժեներներին ավելի ակտիվ քննարկել էլեկտրամեքենաների վարումից հաճույքը բարձրացնելու ուղիները։
Վիրտուալ տրանսմիսիայից բացի, ընկերությունը առաջարկել է գլորման նվազեցված դիմադրությամբ նոր անվադողեր Taycan-ի բազային հետևաքարշ տարբերակի համար։ Դրա շնորհիվ սեդանի ընթացքի պաշարն աճել է մոտ 19 կիլոմետրով և այժմ, արտադրողի հայտարարած տվյալներով, հասնում է 434 մղոնի (մոտ 698 կիլոմետր)։ Sport Turismo տարբերակի համար ցուցանիշը կազմում է մինչև 416 մղոն (մոտ 669 կիլոմետր)։
Թարմացումը վերաբերել է նաև մուլտիմեդիա համակարգին։ Taycan-ը ստացել է նորագույն ծրագրային ապահովում, որն արդեն օգտագործվում է Macan-ի էլեկտրական մոդելներում և Cayenne-ի ապագա տարբերակներում։
Porsche-ի տվյալներով՝ համակարգի հաշվարկային հզորությունը նախորդ տարբերակի համեմատ աճել է հինգ անգամ, ինչը պետք է ապահովի ինտերֆեյսի ավելի արագ աշխատանք, բարելավված գրաֆիկա և վարորդի գործողություններին ակնթարթային արձագանք։