Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց այժմ փոխել է իր միտքը։
«Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի։ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպումը վատ ընթացավ, իսկ հետո Թրամփ-Պուտին գագաթնաժողովը հույսեր արթնացրեց համաձայնագրի վերաբերյալ, որն Ուկրաինային առաջարկում էր տարածքներ հանձնել, որոնք Ռուսաստանը դեռ չի էլ գրավել», – ասել է Մակրոնը France TV-ին տված հարցազրույցում։
Անքորիջի գագաթնաժողովից հետո, հիշեցրել է Ֆրանսիայի նախագահը, եվրոպացի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն՝ Թրամփին համոզելու՝ «ասել, որ այդպես չի կարելի»։
«Այդ ժամանակվանից ի վեր մեծ ճանապարհ է հաղթահարվել։ Եվ այս ուղին, առաջին հերթին, ուկրաինացիների հաղթանակն է»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Թրամփը տեսավ, որ իրեն ասված ամեն բան, թե «ուկրաինացիները կպարտվեն, չեն հաղթահարի ձմեռը», պարզվեց՝ սխալ է։