Ղազախստանն ուժեղացնում է սահմանային վերահսկողությունը՝ վառելիքի արտահանումը կանխելու համար

Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը ոլորտային նախարարությունների և իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել նավթամթերքի ներքին շուկայում տիրող իրավիճակին և արտաքին գործոններին։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը։

Հանդիպման ընթացքում Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովը զեկուցել է, որ ղազախական նավթավերամշակման գործարաններն աշխատում են բնականոն հունով և ամբողջությամբ ապահովում են ներքին շուկայի պահանջարկը։

Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ երկրում բենզինի, դիզելային և ավիացիոն վառելիքի պաշարները գերազանցում են 1 միլիոն տոննան։ Նավթամթերքն առաջնահերթ կարգով մատակարարվում է լցակայաններին, գյուղմթերք արտադրողներին և հայրենական ավիաընկերություններին։

Երկրի կառավարությունից ընդգծել են, որ Ղազախստանում քսայուղերի և վառելիքի դեֆիցիտ չի նկատվում, իսկ արտադրությունը, բեռնառաքումն ու պաշարների ծավալները գտնվում են մշտական վերահսկողության ներքո։

Խորհրդակցությանն առանձնակի ուշադրություն է դարձվել երկրի սահմաններից դուրս նավթամթերքի ապօրինի արտահանումը կանխելուն ուղղված քայլերին։

Ներկայումս գործում է Էներգետիկայի նախարարության հրամանը, որն արգելում է ավտոմոբիլային տրանսպորտով նավթամթերքի որոշ տեսակների արտահանումը, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով թեթև թորվածքների արտահանումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *