Չիկագոյում տոնի ժամանակ անհայտ անձինք ամենագնացից կրակ են բացել բազմության ուղղությամբ. վիրավորվել է 12 մարդ, երկուսի վիճակը ծանր է

Չիկագոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 12 մարդ վիրավորվել է այն բանից հետո, երբ քաղաքի հարավային մասի փողոցներից մեկում մարդկանց խմբին մոտեցել է մի ամենագնաց, որից երկու անհայտ անձինք կրակ են բացել, հայտնել է Associated Press-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Կրակոցներից հետո ավտոմեքենան դիմել է փախուստի դեպքի վայրից։ Տուժած երկու տղամարդ գտնվում է ծանր վիճակում։ Նրանցից մեկը ստացել է ազդրի հրազենային վիրավորում։

Տուժածների թվում են 17-47 տարեկան ութ տղամարդ և չորս կին։ Բոլորը տեղափոխվել են քաղաքի չորս հիվանդանոցներ։ Եվս մեկ տղամարդ վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից։

Սկզբում ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մեկ վիրավորի մասին ահազանգով, սակայն տեղում հայտնաբերել է մի քանի տուժածի։ Կինը ստացել է երկու հրազենային վիրավորում մեջքի հատվածում, տղամարդը՝ չորս վիրավորում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Քննիչները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները և որոնում հարձակվողներին։

Ոստիկանության տվյալներով՝ ուրբաթ երեկոյից ի վեր Չիկագոյում գրանցվել է հրաձգության առնվազն 21 դեպք, որոնց հետևանքով զոհվել է չորս մարդ։

Դեպքը տեղի է ունեցել Ջունթինթի տոնի օրը՝ ազգային տոն, որը նվիրված է ԱՄՆ-ում ստրկության վերջնական վերացմանը։ Տեղի հասարակական ակտիվիստ և հոգևոր հովիվ Դոնովան Փրայսը տեղի ունեցածը ողբերգություն է անվանել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *