Օմանը և Իրանը մաքսատուրքեր չեն գանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին Մասկատում երկուշաբթի երեկոյան կայացած հանդիպման ընթացքում վերահաստատել են իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանը։

«Մենք վերահաստատել ենք մեր հանձնառությունը միջազգային իրավունքին և նավերի անվճար ու անվտանգ անցումն ապահովելուն»,- X սոցիալական ցանցում գրել է ալ-Բուսաիդին՝ մեկնաբանելով հանդիպումը։

Արաղչին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ միասին Շվեյցարիայից ժամանել են Օման, որտեղ մասնակցել էին ամերիկյան կողմի հետ բանակցություններին։

Ալ-Բուսաիդիի խոսքով՝ Մասկատում նրանք անցկացրել են «կառուցողական քննարկումներ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի շուրջ, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող մասի վերաբերյալ»։

Հենց Իրանն ու Օմանն ունեն տարածքային ջրեր Հորմուզի նեղուցում, ուստի հասկանալի է նրանց ձգտումը համակարգել դիրքորոշումները այս կարևոր առևտրային զարկերակի վերաբերյալ։

Օմանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես էին եկել Հորմուզի նեղուցով նավերի անցանելիության համար որևէ մեկի կողմից մաքսատուրքեր գանձելու գաղափարի դեմ։

«Մենք դեռևս կարծում ենք, որ երբ խոսքը միջազգային առևտրային ուղիների մասին է, այնտեղ մաքսատուրքեր չպետք է լինեն»,- անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Վենսը։ Այսպես փոխնախագահը պատասխանել է լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Իրանը իսկապես կարող է՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրին համապատասխան, 60 օր անց դադարեցնել նավերին Հորմուզի նեղուցով անվճար անցնել տալը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *