Յուտայի դատարանը մերժել է սպանության մեջ մեղադրվողի նախկին հարևանի՝ Չարլի Քիրքի ցուցմունք տալու միջնորդությունը

Ամերիկյան Յուտա նահանգի դատարանը վճռել է, որ քաղաքական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանության մեջ մեղադրվողի նախկին հարևանը պարտավոր չէ անձամբ ցուցմունք տալ գործով նախնական լսումների ժամանակ, հաղորդում է CBS News-ը։

Որոշումն ընդունվել է երկուշաբթի։ Դատարանը մերժել է մեղադրվող Թայլեր Ռոբինսոնի պաշտպանական կողմի միջնորդությունը, որը պնդում էր, թե վկայի ցուցմունքների արժանահավատությունը պետք է ստուգվի դատարանում՝ անձամբ հարցաքննության հնարավորությամբ։

Դատավոր Թոնի Գրաֆը լսումների ընթացքում հայտարարել է, որ նախնական լսումների նպատակը գործը դատարան հանձնելու համար ապացույցների բավարար լինելը որոշելն է, այլ ոչ թե մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը սահմանելը։ Ըստ նրա՝ վկաների արժանահավատության հարցերը մտնում են հիմնական դատավարության ժամանակ երդվյալ ատենակալների իրավասության մեջ։

Գրաֆը նաև մինչև ուրբաթ հետաձգել է այն որոշման ընդունումը՝ արդյոք դատախազները կարո՞ղ են պատժամիջոցների ենթարկվել լրատվամիջոցներում արված մեկնաբանությունների համար՝ պահպանողական ակտիվիստի մարմնից հանված գնդակի բեկորի առնչությամբ։

Պաշտպանական կողմն ավելի վաղ դատարանին խնդրել էր սահմանափակել մահապատժի կիրառման հնարավորությունը՝ պնդելով, որ դատախազների հրապարակային հայտարարությունները կարող էին ազդել հնարավոր երդվյալ ատենակալների վրա։

23-ամյա Ռոբինսոնն առայժմ չի ճանաչել իր մեղքը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար՝ սեպտեմբերի 10-ին Չարլի Քիրքի սպանության առնչությամբ, երբ վերջինս գնդակահարվել էր Յուտայի հովտի համալսարանում հազարավոր մարդկանց առջև ունեցած ելույթի ժամանակ։

Դատախազությունը հայտարարում է, որ հրացանի ձգանի, կրակված պարկուճի և երկու չօգտագործված փամփուշտների վրա հայտնաբերվել է ԴՆԹ, որը համապատասխանում է Ռոբինսոնի ԴՆԹ-ին։ Պնդում են նաև, որ նա հաղորդագրություն է ուղարկել իր սենյակակցին ու զուգընկերուհուն, որում գրել է, որ Քիրքին ընտրել է որպես թիրախ, քանի որ «կուշտ էր նրա ատելությունից»։

Պաշտպանական կողմն, իր հերթին, հայտարարում է, որ դիահերձման ժամանակ հայտնաբերված գնդակի բեկորը չի կարող միանշանակորեն կապվել հանցագործության վայրում գտնված հրացանի հետ՝ հղում անելով ԱՄՆ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի (ATF) վերլուծությանը։ Փաստաբանները խնդրել էին նաև հետաձգել նախնական լսումները՝ գործի նյութերը, ներառյալ բալիստիկ փորձագիտական եզրակացությունը, ուսումնասիրելու համար։

Ռոբինսոնի փաստաբանները պնդում էին, որ դատարանը դատախազներին պարտավորեցնի ապահովելու նախկին հարևանի անձնական ներկայությունը հուլիսի 6-ին սկսվող լսումներում ցուցմունք տալու համար։ Նրանց կարծիքով՝ դա անհրաժեշտ է վկաների հետ առերեսման և նրանց արժանահավատության ստուգման իրավունքի իրացման համար։ Սակայն դատավորը մերժել է այդ պահանջը՝ հայտարարելով, որ ցուցմունքները լիարժեքորեն վիճարկելու հնարավորություն կլինի հիմնական դատավարության փուլում։

Դատավորը հղում է արել Յուտա նահանգի Գերագույն դատարանի գործելակերպին, ըստ որի՝ նախնական լսումները ոչ թե լիարժեք դատական գործընթաց են, այլ ընթացակարգային փուլ՝ երդվյալ ատենակալների դատարան գործը հանձնելու համար ապացույցների բավարար լինելը գնահատելու համար։ Վկաների արժանահավատության հարցերը, նրա պնդմամբ, պետք է լուծեն հենց երդվյալ ատենակալները։

Գործը լայն հասարակական արձագանք է առաջացրել, իսկ համանցում հայտնվել են շահարկումներ և դավադրության տեսություններ այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը դատական փաստաթղթերում բացահայտել է, որ սկզբնական թեստերը միանշանակ պատասխան չեն տվել այն մասին՝ արդյոք գնդակն արձակվել է ենթադրյալ զենքից։

Այդ կասկածները սնուցել են չհաստատված վարկածներն հնարավոր երկրորդ հրաձիգի կամ սպանության բեմադրման մասին։ Երկու կողմերի փաստաբաններն էլ մտահոգություն են հայտնում, որ գործի ակտիվ լուսաբանումը և ապատեղեկատվությունը կարող են ազդել երդվյալ ատենակալների կազմի ձևավորման վրա։

Ավելի վաղ ընթացիկ ամսում դատարանն արդեն լսումներ էր անցկացրել դատարանի հանդեպ դատախազների հնարավոր անհարգալից վերաբերմունքի հարցով՝ բալիստիկ փորձաքննության վերաբերյալ նրանց մեկնաբանությունների պատճառով։

Մեղադրյալի պաշտպանական կողմը պնդում էր, որ մեղադրանքի ներկայացուցիչները փորձել են ազդել հավանական երդվյալ ատենակալների վրա՝ ակտիվորեն շփվելով մամուլի հետ և մեկնաբանելով ապացույցները։ Դատախազությունն, իր հերթին, հայտարարել է, որ չի բացահայտել գործի մանրամասները, այլ միայն ընդհանուր պարզաբանումներ է տվել այն մասին, որ բալիստիկ թեստերը կարող են միանշանակ չլինել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *