Alibaba ընկերությունը դատական հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ չինական բանակի հետ կապերի մեղադրանքների պատճառով

Չինական տեխնոլոգիական հսկա Alibaba-ն դաշնային հայց է ներկայացրել ԱՄՆ պաշտպանության նախարարության դեմ՝ վիճարկելով Պենտագոնի որոշումը ընկերությանը ներառելու այն կազմակերպությունների ցուցակում, որոնք, ամերիկյան իշխանությունների կարծիքով, կապված են չինական ռազմական կառույցների հետ, հաղորդում է AFP-ն։

Հայցը երեքշաբթի ներկայացվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի դաշնային դատարան։ Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան ռազմական գերատեսչության որոշումը «կամայական և անհիմն» է և չունի ոչ փաստական, ոչ էլ իրավական հիմք։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, Պեկինում հայտարարել են, որ Alibaba-ն որևէ առնչություն չունի չինական զինված ուժերի հետ և չի մասնակցում ռազմաքաղաքացիական ինտեգրման ծրագրերին։

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ սև ցուցակում ընդգրկվելը լուրջ վնաս է հասցնում նրա գործունեությանը ԱՄՆ-ում, ուստի ընկերությունը դատարանի միջոցով պահանջում է բացառել իրեն այդ ցանկից։

Պենտագոնի հրապարակած ցուցակում ընդգրկվել են մոտ 80 ընկերություններ և դրանց դուստր կառույցները։ Դրանց թվում են նաև չինական ինտերնետ-հսկա Baidu-ն և էլեկտրամոբիլների արտադրող BYD-ն։ Ավելի վաղ երկու ընկերություններն էլ հայտարարել էին, որ չեն տեսնում իրենց ցանկում ընդգրկելու հիմքեր։

Նոր կանոնների համաձայն՝ հունիսի 30-ից ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի կարողանա նոր պայմանագրեր կնքել ցուցակում ընդգրկված ընկերությունների և նրանց վերահսկվող դուստր կառույցների հետ։ Բացի այդ, սահմանափակումները վերաբերում են նաև այն հնարավորությանը, որ նման ընկերությունները ԱՄՆ-ում օգտվեն լոբբիստական ընկերությունների ծառայություններից։ Alibaba-ի հայցում նշվում է, որ դա խախտում է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղմամբ երաշխավորված իրավունքները։

Ընկերության տվյալներով՝ հետևանքներն արդեն սկսել են դրսևորվել. որոշ ամերիկացի խորհրդատուներ և լոբբիստներ, որոնք երկար տարիներ համագործակցել էին Alibaba-ի հետ, նրան տեղեկացրել են աշխատանքի դադարեցման մասին։

Դատական փաստաթղթերում Alibaba-ն ընդգծում է, որ հանդիսանում է էլեկտրոնային առևտրի և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հանրային ընկերություն, իսկ դրա խոշորագույն բաժնետերերի թվում են ամերիկյան խոշոր ֆինանսական ինստիտուտներ, այդ թվում՝ JPMorgan Chase, Citigroup և BlackRock։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *