Եվրոպական բաժնետոմսերի շուկաները չորեքշաբթի օրը փակվել են առանց միասնական դինամիկայի

Արևմտյան Եվրոպայի ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրվա սակարկություններն ավարտել են տարաբնույթ փոփոխություններով։

Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսն աճել է 0,08%-ով՝ հասնելով 635,16 կետի։ Բրիտանական FTSE 100-ն ավելացել է 0,31%-ով, իսկ ֆրանսիական CAC 40-ը՝ 0,54%-ով։ Փոխարենը՝ գերմանական DAX-ը կորցրել է 0,62%, իտալական FTSE MIB-ը՝ 0,74%, իսկ իսպանական IBEX 35-ը՝ 0,45%:

Շուկայի ուշադրության կենտրոնում է մնում Մերձավոր Արևելքի իրավիճակը։ Նավթի գները գահավիժել են՝ հասնելով հակամարտության սկզբից ի վեր ամենացածր մակարդակին, ինչը պայմանավորված է Հորմուզի նեղուցով մատակարարումների վերականգնման մասին լուրերով։ Այս ֆոնին նվազել է նաև եվրոպական նավթային ընկերությունների բաժնետոմսերի արժեքը. մասնավորապես՝ BP Plc-ն կորցրել է 3,7%, Shell-ը՝ 1,9%, իսկ TotalEnergies-ը՝ 1,8%:

Չորեքշաբթի օրը հրապարակված տվյալների համաձայն՝ Գերմանիայի գործարար վստահության ինդեքսը, որը հաշվարկում է Ifo տնտեսական հետազոտությունների ինստիտուտը, հունիսին նախորդ ամսվա 85 կետից բարձրացել է մինչև 85,6 կետի՝ գրանցելով վերջին երեք ամսվա ամենաբարձր ցուցանիշը։

Stoxx 600-ի բաղադրիչների թվում ամենամեծ աճը գրանցել են Segro ընկերության բաժնետոմսերը, որոնք թռիչքաձև աճել են 17,4%-ով։ Անշարժ գույքի բրիտանական ներդրումային տրաստը (REIT) մերժել է իրենից ավելի խոշոր ամերիկյան մրցակցի՝ Prologis-ի գնման առաջարկը, որը Segro-ն գնահատել էր 12,6 միլիարդ ֆունտ ստերլինգ (16,6 միլիարդ դոլար):

Ակտիվորեն աճել են նաև անշարժ գույքի ոլորտում գործող այլ ընկերությունների բաժնետոմսերի գները, այդ թվում՝ Tritax Big Box-ը (+6,4%), Berkeley Group Holdings-ը (+8,4%), ինչպես նաև British Land-ը և Land Securities Group-ը (+4,1%):

Ավիացիոն շարժիչներ արտադրող MTU Aero Engines-ի շուկայական արժեքն աճեց 6%-ով. JP Morgan-ի վերլուծաբանները ներդրողներին կրկին խորհուրդ են տալիս գնել ընկերության բաժնետոմսերը։

Ամփոփիչ ինդեքսում ամենամեծ անկումը գրանցել է գերմանական ռազմարդյունաբերական Rheinmetall ընկերությունը, որի կապիտալիզացիան նվազել է ավելի քան 18%-ով։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է հրաժարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենախոշոր ռազմական նավի կառուցման ծրագրերից, իսկ Rheinmetall-ը հավակնում էր ստանալ այդ պայմանագիրը։ Գերմանիայի իշխանությունները նախապատվությունը տվել են գերմանական մեկ այլ՝ TKMS AG ընկերությունից ութ ավելի փոքր նավեր գնելուն, ինչի ֆոնին վերջինիս բաժնետոմսերի գները թռիչք են գրանցել 16%-ով։

Ռազմարդյունաբերության ոլորտի մյուս ներկայացուցիչները նույնպես էժանացել են. մասնավորապես՝ Hensoldt-ը կորցրել է 3,3%, Renk Group-ը՝ 7,2%, Leonardo-ն՝ 4,8%, իսկ Thales-ը՝ 1,2%:

Ֆրանկֆուրտի բորսայում Deutsche Bank և Commerzbank բանկերի բաժնետոմսերի գները նվազել են համապատասխանաբար 2,6%-ով և 1,3%-ով, իսկ ավտոարտադրողներ Volkswagen-ի և Mercedes-Benz-ինը՝ 2,4%-ով և 1,9%-ով։

Փարիզի սակարկություններում աճի առաջատարներ են դարձել Saint-Gobain (+3,3%), Danone և L’Oreal (+2,8%), ինչպես նաև Michelin, Pernod Ricard և Eurofins (+2,7%) ընկերությունների բաժնետոմսերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *