Պավել Դուրովը մեկնել է Վրաստան․ նա հանդիպել է երկրի իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ

Telegram հարթակի հիմնադիր Պավել Դուրովը ժամանել է Թբիլիսի։ Գործարարի հետ համատեղ լուսանկար է հրապարակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի պատգամավոր Վակո Տուրնավան, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Դուրովի այցի մասին տեղեկությունը նախօրեին հայտնվել էր ռուսական թելեգրամյան ալիքներում, սակայն նրա Վրաստան կատարած ուղևորության պաշտոնական նպատակները դեռևս չեն բացահայտվում։

37-ամյա Տուրնավան նախքան 2024 թվականին քաղաքականություն մուտք գործելը հայտնի էր որպես տեխնոլոգիական գործարար։ Նրա հիմնադրած ընկերությունները գործում են էլեկտրոնային վճարումների և ֆինանսատեխնիկական լուծումների ոլորտում։ Դատելով սոցիալական ցանցերում նրա արած հրապարակումներից՝ Դուրովի հետ հանդիպմանը մասնակցել է նաև «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ես հյուրընկալում եմ Պավել Դուրովին Թբիլիսիում և նրան ծանոթացնում Վրաստանի ՏՏ ոլորտի ներդրումային ներուժին»,- Business Insider Georgia-ին տված մեկնաբանության մեջ հայտարարել է Տուրնավան։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, պատասխանելով այցի բնույթի մասին հարցին, նշել է, որ Դուրովը երկրում է որպես մասնավոր անձ։

«Պարոն Դուրովը գործարար է։ Նա չի կարող պաշտոնական այց կատարել։ Մենք ողջունում ենք ցանկացած հաջողակ գործարարի գալուստը Վրաստան»,- ասել է Կոբախիձեն։

Ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքը, որը Դուրովին անվանում է «ռուս միլիարդատեր», ենթադրել է, որ այցը կարող է կապված լինել կրիպտոարժութային նախագծերի և «Ռուսաստանից «սև փողերի» հնարավոր ներհոսքի» հետ։ Ընդսմին, այդ վարկածի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *