SpaceX-ը նախատեսում է Starlink-ի բջջային ցանցը հանել ԱՄՆ սպառողական շուկա

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը նախատեսում է Starlink-ի բջջային կապը գործարկել ԱՄՆ սպառողական շուկայում։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը IPO-ի շրջանակում վերջերս անցկացված ռոուդ-շոուի ընթացքում ներդրողներին հայտնել է, որ ընկերությունը դիտարկում է Starlink-ի մանրածախ արտադրանքի գործարկման հնարավորությունը և կարող է ԱՄՆ-ում կառուցել սեփական վերերկրյա բջջային ցանցը։ Ներկայում ընկերությունն ԱՄՆ-ում T-Mobile-ի միջոցով արդեն առաջարկում է ուղիղ միացում բջջային կապին՝ տիեզերքից ապահովելով լրացուցիչ ծածկույթ՝ հեռավոր շրջաններում ինտերնետի հասանելիությունն ընդլայնելու համար։

Ընկերությունը նախատեսում է ԱՄՆ-ում կառուցել բջջային կապի աշտարակների սեփական վերերկրային ցանց։ Այն կաշխատի արբանյակային համաստեղության հետ համակցված։

Անցյալ տարվա աշնանը SpaceX-ը EchoStar-ից մոտ 20 մլրդ դոլարով ձեռք է բերել Starlink-ի համար անլար սպեկտրի օգտագործման լիցենզիաներ, ինչը նրան թույլ է տվել արագ ստեղծել ուղիղ բջջային կապի հուսալի և հասանելի ծառայություն՝ օգտագործելով EchoStar-ի անլար ռադիոալիքները։

Այս պահին Starlink-ի արբանյակային ինտերնետն արդեն սպասարկում է ավելի քան 10 մլն բաժանորդի ամբողջ աշխարհում։ Բջջային պայմանագրերի անցումը փորձագետները համարում են ընկերության պատմության ամենախոշոր կոմերցիոն ընդլայնումներից մեկը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *