Deliver նավթային լցանավը, որն ավելի վաղ կալանել էին Ֆրանսիայի ռազմածովային ուժերը՝ դրոշի օգտագործման կանոնների ենթադրյալ խախտման կասկածանքով, ուղեկցվել է Մարսելից ոչ հեռու գտնվող Ֆոս սյուր Մեր ծոցի խարսխակայան։ Դրա մասին հայտնել է Միջերկրածովյան գոտու ծովային պրեֆեկտուրան։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նավը կմնա խարսխակայանում՝ Մարսելի դատախազության տնօրինության տակ, որը հետաքննություն է վարում դրոշի ներքո գրանցման կանոնների հնարավոր խախտման գործով։
Հետաքննության ընթացքում լցանավի շուրջ կսահմանվի փակ գոտի, որտեղ կարգելվեն նավագնացությունն ու թռիչքները։ Նավի պահպանությունն կապահովեն Ֆրանսիայի ծովային ժանդարմերիայի և ռազմածովային ուժերի ստորաբաժանումները։
Լցանավի կալանման մասին հունիսի 25-ին հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ըստ նրա՝ Deliver-ն իբր պատկանում է Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին» և խախտել է ծովային իրավունքի նորմերը՝ անցնելով Սիցիլիայի մոտակայքով։ Ծովային պրեֆեկտուրայի վարկածով՝ նավը Կամերունի դրոշի ներքո ընթանում էր Պրիմորսկից։ Գործողությունն իրականացրել է Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ։
Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը լցանավի կալանումն անվանել է անօրինական և այն որակել որպես արևմտյան երկրների կողմից ծովահենության հերթական դրսևորում։ Դիվանագիտական առաքելությունից հայտարարել են նաև, որ նավի անձնակազմի՝ միջազգային պատժամիջոցների խախտման վերաբերյալ հղումները մերկապարանոց են, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի հաստատել Եվրամիության սահմանափակումները։ Նախնական տեղեկություններով՝ Deliver-ի անձնակազմի անդամների թվում Ռուսաստանի քաղաքացիներ չկան։