Այն-Շամսի Այն-Շամսի Մատարիայի հնագիտական շրջանում՝ հին Հելիոպոլիսի տարածքում, հետազոտողները հայտնաբերել են թաղման արտեֆակտների եզակի հավաքածու։ Գտածոն արվել է նեկրոպոլիսում գտնվող թաղման կառույցի տակ, որը օգտագործվել է մի քանի պատմական դարաշրջանների ընթացքում՝ Հին Եգիպտոսի Ուշ ժամանակաշրջանից մինչև հռոմեական շրջան։ Այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերում է Fox News-ը։
Հելիոպոլիսը, որը աստվածաշնչյան ավանդույթում հայտնի է որպես Օն քաղաք, կարևոր տեղ է զբաղեցնում հին կրոնական տեքստերում։ Ծննդոց գրքի համաձայն՝ Հովսեփի կինը՝ Ասենեթը, այդ քաղաքի քահանայի դուստրն էր։
Հայտնաբերված պահոցը պարունակում է մեծ թվով առարկաներ, որոնք հնագետները համարում են այս շրջանում գտնված ամենաամբողջական թաղման համալիրներից մեկը։ Գտածոների թվում են հինգ զույգ մետաղական ականջօղեր, որոնք ենթադրաբար պատրաստված են ոսկուց, ինչպես նաև փորագրված սկարաբեյ-ամուլետներ և այլ դեկորատիվ իրեր։
Զարդերից բացի, հետազոտողները գտել են նաև առօրյա կենցաղի իրեր, այդ թվում՝ պղնձե հայելի և կոսմետիկայի անոթներ։ Դրանցից երկուսը պատրաստված են ալեբաստրից և պարունակում են հին կոսմետիկ նյութերի հետքեր, իսկ երրորդը՝ սև օբսիդիանից։