ՌԴ-ն ընդհանուր ռազմավարական առավելություն է պահպանում Ուկրաինայի դեմ պատերազմում՝ ընդլայնելով տարածքային վերահսկողությունը․ ԱՄՆ-ի զեկույց

Ռուսաստանն ընդհանուր ռազմավարական առավելություն է պահպանում Ուկրաինայի դեմ պատերազմում և աստիճանաբար ընդլայնում է որոշ տարածքների նկատմամբ վերահսկողությունը՝ չնայած մեծ կորուստներին և ուկրաինական ուժերի շարունակվող դիմադրությանը։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչության (DIA) և Ուկրաինային անվտանգության աջակցության խմբի (SAG-U) զեկույցում, որը պատրաստվել է «Atlantic Resolve» գործողության շրջանակներում և ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 2026 թվականի հունվար-մարտ ժամանակահատվածի համար։

Ամերիկյան հետախուզության գնահատմամբ՝ ուժերի հարաբերակցությունն ու ռեսուրսների առավելությունը ռուսական բանակին թույլ են տալիս շարունակել առաջխաղացումը, թեև դրա տեմպերը դանդաղում են Ուկրաինայի զինված ուժերի մարտավարության պատճառով։ Ուկրաինական բանակն իր հերթին ցուցադրում է պաշտպանական հաստատուն կարողություններ՝ օգտագործելով տեխնոլոգիական ու մարտավարական առավելությունները հակառակորդին զգալի կորուստներ պատճառելու համար։

Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ ռուսական ուժերը շարունակում են աստիճանական տարածքային հաջողությունների հասնել, որը նրանք իրականացնում են թվային գերազանցության և հանուն օպերատիվ նպատակների մեծ կորուստների պայմաններում։ ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում (DIA) ընդգծում են, որ մարտի դրությամբ ռուսական բանակը կարողանում է առավելություն պահպանել հիմնական ռազմական գործառույթների մեծ մասում։

Առանձնահատուկ նշվում է, որ փետրվարին ուկրաինական իշխանությունները քայլեր են ձեռնարկել «Starlink» արբանյակային կապի հազարավոր տերմինալներ անջատելու ուղղությամբ։ Ամերիկյան կողմի տվյալներով՝ ռուսական ստորաբաժանումները դրանք օգտագործել են գործողությունների համակարգման և անօդաչու թռչող սարքերի կառավարման համար (կապի սահմանափակման կամ ճնշման պայմաններում)։ Ինչպես նշվում է, սա ժամանակավորապես նվազեցրել է ռուսական օպերատիվ հնարավորությունների մի մասը։

Տարածքային վերահսկողությանը վերաբերող բաժնում ասվում է, որ կողմերից ոչ մեկն ի վիճակի չէ հասնել վճռորոշ օպերատիվ ճեղքման։ Ռուսական կողմը շարունակում է իր վերահսկողության տակ պահել դեռ 2025 թվականի դեկտեմբերի սկզբին գրավված տրանսպորտային կարևոր հանգույցը՝ Պոկրովսկը։ DIA-ի կանխատեսմամբ՝ Ռուսաստանը մեծ հավանականությամբ կշարունակի գրոհները՝ նպատակ ունենալով ամբողջությամբ իր ձեռքը վերցնել Դոնբասը։

Ըստ զեկույցի՝ նշված ժամանակահատվածում Ուկրաինային հաջողվել է մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք հետ վերադարձնել Դնեպրոպետրովսկի մարզում, ինչը 2022 թվականի վերջից ի վեր ամենամեծ ցուցանիշն է։

Առանձնակի ուշադրություն է դարձվել ուկրաինական բանակում զենքի ու զինամթերքի հետ կապված խնդիրներին։ Զեկույցում նշվում է արկերի ու անօդաչու թռչող սարքերի պակասի, ինչպես նաև փոքր հետևակային խմբերի ու մոտոցիկլետային ստորաբաժանումների գրոհներին դիմակայելու հնարավորությունների անկման մասին։ Շեշտվում է նաև հեռահար հարվածային միջոցների և դրոնների համար անհրաժեշտ բաղադրիչների դեֆիցիտը, ինչը սահմանափակում է հակառակորդի ամրացված թիրախներին հարվածելու կարողությունը։

Անձնակազմին վերաբերող բաժնում ասվում է, որ ուկրաինական զինված ուժերը շարունակում են զարգացած մարդկային ուժի պակաս զգալ։ Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի խոսքով (որոնք նա հնչեցրել է պաշտոնի հաստատման լսումների ժամանակ), զգալի թվով զինծառայողներ ինքնակամ լքել են զորամասերը, ինչպես նաև արձանագրվում են զորակոչային տարիքի տղամարդկանց շրջանում մոբիլիզացիայից խուսափելու դեպքեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *