Շուրջ 1,34 միլիոն մարդ է ստորագրել «Ալտերնատիվ Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունն արգելելու պահանջով դիմումը

Ծայրահեղ աջ «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (ԱԴՀ) կուսակցության գործունեության հնարավոր արգելքը դիտարկելու պահանջով առցանց ստորագրահավաքը շաբաթ օրը՝ հունիսի 27-ի կեսօրին, արդեն հավաքել է գրեթե 1,34 միլիոն ստորագրություն։ «Դիտարկե՛ք ԱԴՀ-ի արգելման հարցը» վերնագրով փաստաթուղթը տեղադրված է Իտալիայի ազգային դոմեյնով գործող գերմանալեզու «innn.it» հարթակում, հայտնում է «DW»-ն։

Նախաձեռնությունը մեկնարկել է հունիսի 26-ին։ Դրա կազմակերպիչների թվում են «Volksverpetzer» լրատվական բլոգը և «Omas gegen Rechts» միավորումը։ Դիմումն ուղղված է Բունդեսթագին և Բունդեսրաթին՝ կոչ անելով միջնորդություն ներկայացնել Դաշնային սահմանադրական դատարան՝ Գերմանիայի Հիմնական օրենքի նկատմամբ կուսակցության գործունեության համապատասխանությունը ստուգելու համար։

Ավելի վաղ՝ հունիսի 26-ին, «Հասարակություն հանուն քաղաքացիական իրավունքների» (GFF) ոչ առևտրային կազմակերպությունը հրապարակել էր փորձագիտական եզրակացություն, որում պնդում է, թե ԱԴՀ-ի գործունեությունը հակասում է երկրի սահմանադրական կարգի հիմքերին։ Կազմակերպության իրավաբան Բիժան Մոինիի խոսքով՝ կուսակցությունը ձգտում է «վնաս հասցնել ազատ ժողովրդավարական կարգի հիմքերին» և խախտում է մարդկային արժանապատվության հարգման սկզբունքը։

«innn.it» հարթակի ղեկավարության ներկայացուցիչ Գրեգոր Հակմակը նշել է, որ GFF-ի եզրակացության ազդեցությունն արդեն նկատելի է հանրային աջակցության դինամիկայում՝ այս ստորագրահավաքն անվանելով «Դաշնային Հանրապետության պատմության մեջ քաղաքացիական հասարակության ամենամեծ մոբիլիզացիաներից մեկը»։

Այս արշավի ֆոնին ընդդիմադիր ԱԴՀ-ի վարկանիշը շարունակում է աճել՝ առանձին հարցումներում հասնելով շուրջ 29%-ի։ Միևնույն ժամանակ, իշխող պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ բլոկի աջակցությունը նվազում է՝ հունիսի կեսերին կազմելով մոտավորապես 20–22%:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *