Եվրոպական ոստիկանական գործակալությունը՝ Եվրոպոլը, հրապարակել է 54 էջանոց զեկույց, որը նվիրված է Եվրոպայի երկրներում գործող ամենավտանգավոր հանցավոր ցանցերին։
Փաստաթղթում նշվել է, որ կազմակերպված հանցավորությունը զգալիորեն ամրապնդել է դիրքերը. այսօր քրեական սինդիկատների կազմում, գործակալության գնահատմամբ, գործում է մոտ 400 հազար մարդ՝ հինգ անգամ ավելի, քան երկու տարի առաջ, գրել է The Telegraph-ը։
«ԵՄ ամենավտանգավոր հանցավոր ցանցերի գաղտնազերծումը» զեկույցում նշվել է, որ Եվրոպայում բացահայտվել է 731 հանցավոր խմբավորում, որոնք ներկայացնում են ամենամեծ սպառնալիքը։ Նրանց գործունեությունը ներառում է հանցագործությունների լայն շրջանակ՝ թմրամիջոցների առևտրից, կիբեռհանցագործությունից և միգրանտների մաքսանենգությունից մինչև միջազգային գործողություններ, որոնք Եվրոպան կապում են Լատինական Ամերիկայի և Բալկանների հետ։
Բրյուսելում ներկայացնելով զեկույցը՝ ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրուները հայտարարել է. «Հանցագործները բարգավաճում են»։
Եվրոպոլի տվյալներով՝ ժամանակակից հանցավոր կազմակերպությունները գործում են որպես լավ կազմակերպված կորպորացիաներ։ Դրանք օգտագործում են կոդավորված կապի միջոցներ, վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN), կեղծ հաշիվներ սոցիալական ցանցերում և քողարկող ընկերություններ, որպեսզի թաքցնեն իրենց գործունեությունը և խուսափեն իրավապահ մարմինների ուշադրությունից։
Գործակալությունում նաև նշել են հանցավոր ցանցերի բարձր կայունությունը։ Չնայած 2024-2026 թվականներին ոստիկանությանը հաջողվել է վերացնել 623 խմբավորում, գրեթե անմիջապես հայտնվել են 533 նորերը՝ զբաղեցնելով նրանց տեղը։ Շատ սինդիկատներ ունեն հստակ հիերարխիա՝ ղեկավարների նախապես պատրաստված իրավահաջորդներով, ուստի առաջնորդների ձերբակալությունը հազվադեպ է հանգեցնում կազմակերպության վերջնական ոչնչացմանը։ Ժամանակավոր ընդհատակ անցնելուց հետո նման կառույցները հաճախ վերսկսում են գործունեությունն արդեն նոր անվան տակ։