ՄԱԿ․ Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքներից կարող է տուժել մինչև 7 միլիոն մարդ

Մինչև 7 միլիոն մարդ կարող է տուժել Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքներից, որոնք արդեն հանգեցրել են գրեթե 1 000 մարդու մահվան և տասնյակ հազարավոր անհետ կորածների, հաղորդել է AFP-ն՝ հղում կատարելով ՄԱԿ տվյալներին։

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալներով՝ բնակչության և ավերածությունների մասշտաբների վերաբերյալ հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ «մինչև 6,76 միլիոն մարդ կարող է տուժել հունիսի 24-ին տեղի ունեցած կործանարար երկրաշարժերից»։

Կազմակերպությունում ընդգծել են, որ այս թվի մեջ ներառված է Կարակասի մինչև երկու միլիոն բնակիչ, ինչն «ընդգծում է աղետի հնարավոր հսկայական հումանիտար հետևանքների» մասին։

«Աղետից հետո առաջին ժամանակահատվածը վճռորոշ է։ Այն որոշում է այն ամենը, ինչ լինելու է հետո», — հայտնել է ՄՄԿ ղեկավար Էմի Փոփը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունն արդեն սկսել է նախապես պատրաստված հումանիտար պաշարների բաշխումն ու աշխատում է իշխանությունների և գործընկերների հետ՝ տուժածներին ապաստան, առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև բժշկական և պաշտպանական օգնություն հասցնելու ուղղությամբ։

Փրկարարական ծառայությունները շարունակում են աշխատանքը տուժած շրջաններում։ Կարակասից հյուսիս գտնվող ափամերձ Լա Գուայրա քաղաքում շենքեր են փլուզվել ամբողջությամբ։ Իշխանությունների գնահատմամբ՝ զոհերի թիվն ազգային մակարդակով կազմում է 920 մարդ, մինչդեռ ավելի քան 50 000 մարդ համարվում է անհետ կորած։

ՄՄԿ-ն նաև հայտնել է, որ Microsoft AI for Good Lab լաբորատորիայի հետ համատեղ իրականացրել է վնասների նախնական արբանյակային վերլուծություն, ըստ որի՝ Կատիա-լա-Մար քաղաքում շենքերի մոտ 31,5 տոկոսը վնասվել է։ Այս տվյալներն օգտագործվում են առավել տուժած շրջանները պարզելու և օգնության մատակարարումն առաջնահերթ դարձնելու համար։

Կազմակերպությունում ընդգծել են, որ հումանիտար կարիքներն «անմիջական և զգալի» են և ներառում են արտակարգ կացարան, մաքուր ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բժշկական օգնություն և բնակչության պաշտպանություն։

ՄՄԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում արագ արձագանքել՝ նշելով, որ ժամանակին տրամադրված օգնությունը «կփրկի կյանքեր, կնվազեցնի տառապանքը և կօգնի տուժածներին սկսել վերականգնման երկար ճանապարհը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *