Փաշինյանը Տիգրանաշենն է հանձնում, Վահագն Ալեքսանյանը Լևոն Քոչարյանի խոսափողը անջատում, օրվա գլխավոր լուրերը

Օգոստոսի 20-ի մեդիայի ուշադրության կենտրոնում կրկին ներքաղաքական ամենատարբեր թեմաներ էին, որոնց մասին հայալեզու մեդիայում եղել է ընդհանուր առմամբ 3,450 հրապարակում։ Դրանք ուսումնասիիրելով ու վերլուծելով մեդիա մոնիտորինգի վերլուծական գործիքակազմի կիրառմամբ՝ կազմել ենք օրվա կարևորագույն նորությունների ու մեդիադեմքերի ցանկը։

ՕՐՎԱ ԹՈՓ 5 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱԺ հանձնաժողովների նախագահների քվեարկությունն ու «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների համատարած մերժումը – 435 հիշատակում

  • Փաստեր.
    Ազգային ժողովի իններորդ գումարման նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահները։ Առաջադրված 12 թեկնածուներից ընտրվել են 9-ը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել և մերժել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության բոլոր 3 թեկնածուներին։ Մասնավորապես, չեն ընտրվել Հայկ Ֆարմանյանը (Ֆինանսավարկային հանձնաժողով, 40 կողմ, 62 դեմ), Արեգա Հովսեփյանը (Եվրոպական ինտեգրման հանձնաժողով, 40 կողմ, 62 դեմ) և Դավիթ Ղազինյանը (Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողով, 40 կողմ, 62 դեմ)։ Փոխարենն ընտրվել են ՔՊ-ի բոլոր 8 թեկնածուներն ու «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Լիլիթ Գալստյանը (Մարդու իրավունքների հանձնաժողով)։
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում.

Լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված է խորհրդարանում տիրող բևեռացված մթնոլորտին, որտեղ իշխող մեծամասնությունը, ըստ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, հանձնաժողովի նախագահի թեկնածուների ընտրությունը վերածել է «արցախատյացության», կնոջ թիրախավորման և անառողջ ինտրիգների հարթակի։ Մինչդեռ, ՔՊ-ականները բարձրացրել են «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուների մասնագիտական պիտանելիության հարցը՝ Արեգա Հովսեփյանի թեկնածությունը որակելով պատմության մեջ ամենացածր գիտելիքներ ունեցող պատգամավորի առաջադրում։

  • Հակասող նարատիվներ

Իշխող ուժի ներկայացուցիչները (Վոլոդյա Հակոբյան, Վահագն Ալեքսանյան) պնդում են, որ իրենք ունեն լեգիտիմ իրավունք չքվեարկելու այն թեկնածուների օգտին, որոնք չեն ներշնչում վստահություն և չեն տիրապետում իրենց ոլորտին, հատկապես, երբ քաղաքացիներից ստացել են բազմաթիվ նման խնդրանքներ։ Ընդդիմությունը (Արամ Վարդևանյան, Նարեկ Կարապետյան) հակադարձում է, որ ՔՊ-ն ապօրինի կերպով միջամտում է մեկ այլ խմբակցության սահմանադրական գործունեությանը, իսկ Դավիթ Ղազինյանն իր հերթին հեգնել է ՔՊ-ին՝ նշելով, որ իրենց չընտրելու որոշումը «հաճելի էր», և պետք է փակել այդ թեման։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «աննախադեպ տնտեսական պատերազմն» Իրանի դեմ և Իրանի «քարտեզային» պատասխանը – 380 հիշատակում

  • Փաստեր.
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի դեմ «որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված ամենաավերիչ և աննախադեպ տնտեսական պատերազմի ու լիակատար մեկուսացման» մեկնարկի մասին, քանի որ Թեհրանը բաց է թողել գործարք կնքելու հնարավորությունը։ Թրամփը նախազգուշացրել է, որ Իրանին աջակցող ցանկացած երկիր կբախվի «ահռելի տնտեսական հետևանքների»։ Սա տեղի է ունեցել Իրանի հետ 60-օրյա բանակցային ժամկետի լրանալուց հետո, երբ Թրամփը հրապարակեց Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն անվանելով «ԱՄՆ նոր տարածք»։ Ի պատասխան՝ Հնդկաստանի Հայդերաբադում Իրանի գլխավոր հյուպատոսությունը հրապարակեց ԱՄՆ քարտեզը, որտեղ Կալիֆոռնիան նշված էր՝ որպես «Իրանի Իսլամական Հանրապետության նոր տարածք»։
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում.

Մեդիա դաշտում լայնորեն քննարկվում է դիվանագիտական այս աղմկահարույց սարկաստիկ փոխհրաձգությունը, որն իրականում արտացոլում է տարածաշրջանում ռազմական լուրջ ճգնաժամը։ Պենտագոնի ներքին վիճակագրության համաձայն՝ Իրանի հետ ռազմական գործողությունների սկզբից ի վեր վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 757-ի (որից 339-ը՝ հուլիսի 7-ից հետո), իսկ զոհերի թիվը կազմում է 18 զինծառայող։ Իրանի ԿԲ նախագահ Աբդոլնասեր Հեմմատին հաստատել է, որ Իրանի նավթի մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են, սակայն սննդամթերքի և դեղորայքի դեֆիցիտ չի սպասվում։

  • Հակասող նարատիվներ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թրամփի հայտարարություններն անվանել է «տնտեսական ահաբեկչություն» և մարդկության դեմ հանցագործություն՝ պնդելով, որ դա Սպիտակ տան կողմից ԱՄՆ-ի ներքին ճգնաժամից (ահռելի պետական պարտքից և աճող տոկոսային ծախսերից) ուշադրությունը շեղելու փորձ է։ ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբին նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Իրանը կկիրառի բոլորովին այլ, նոր սերնդի ավելի կործանարար զենք։ Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին կոչ է արել դադարեցնել ճնշումներն ու պատժամիջոցները, քանի որ դրանք չեն նպաստում իրավիճակի կայունացմանը։

Ողբերգական վրաերթը Ճամբարակում. 19-ամյա զինծառայողի մահն ու զորամասում հնարավոր «պատժի» սկանդալային վարկածները – 315 հիշատակում

  • Փաստեր.
    Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին, զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, «ԳԱԶ-53» մակնիշի, առանց պետհամարանիշի և շահագործման համար ոչ պիտանի բեռնատարը վրաերթի է ենթարկել 7 հետիոտն զինծառայողի։ Պատահարի հետևանքով 19-ամյա զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը (Ձորաղբյուրից, որը ընդամենը մեկ ամիս առաջ էր զորակոչվել) տեղում մահացել է։ Մյուս 6 զինծառայողները տեղափոխվել են հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վարորդը՝ Վահան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Վահան Ճաղարյանը, որը 3 անչափահաս երեխաների հայր է և չունի վարորդական վկայական, ձերբակալվել է։ Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում.

Մամուլն ու սոցցանցային տիրույթը ցնցված են բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցած հերթական կորստով, իսկ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է զինծառայողի հիշատակը։ Բլոգեր Արամ Գևորգյանը և «Հրապարակ» օրաթերթը տարածել էին վարկած, որ հրամանատարը փորձել է պատժել զինծառայողներին և նրանց գիշերով, զորամասից դուրս, հակագազերով վազեցրել է ճանապարհի վրա, ինչի պատճառով զինվորները չեն նկատել և չեն լսել մոտեցող բեռնատարի ձայնը։

  • Հակասող նարատիվներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ պաշտոնական հերքմամբ՝ հայտարարելով, որ լուրերը, թե զինվորները պատժված են եղել կամ վազել են հակագազերով, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ քննությունը պետք է պարզի՝ զինվորներն ինչու էին գտնվում զորամասից դուրս, և շեշտեց, որ այդ տրանսպորտային միջոցը տեխնիկապես պիտանի չէր և ընդհանրապես չպետք է շահագործվեր։

«Չորրորդ Հանրապետության» և «Իրական Հայաստանի» հռչակումը կառավարության 2026-2031 թվականների նոր ծրագրով – 245 հիշատակում

  • Փաստեր.
    ՀՀ կառավարությունն օգոստոսի 20-ի հերթական նիստում հավանություն է տվել 2026-2031 թվականների գործունեության ծրագրի նախագծին, որն ուղարկվել է Ազգային ժողովի հաստատմանը։ 85 էջից բաղկացած ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազդարարել է Հայաստանի պատմության նոր փուլի՝ «Չորրորդ Հանրապետության» մեկնարկը, որը հիմնված է «Իրական Հայաստանի» պաշտոնական գաղափարախոսության վրա։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, իսկ ԲՏԱՆ-ը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում.

Մեդիա դաշտում ծրագիրը որակվում է ոչ թե՝ որպես առօրյա տնտեսական փաստաթուղթ, այլ՝ որպես պետական ինքնության ու պատմական ուղեգծի հիմնարար վերաձևակերպում։ Ընդդիմադիր և փորձագիտական շրջանակները (Սուրեն Սուրենյանց, Սիմոն Սարգսյան) ահազանգում են, որ ծրագրում «Արցախ» բառն ընդհանրապես չի հիշատակվում, իսկ «Ղարաբաղը» հանդիպում է միայն 10 հազար ընտանիքի բնակարանային ապահովման խնդրի համատեքստում, ինչը նշանակում է Արցախի հարցի քաղաքական վերջնական դուրսմղում պետության առաջնահերթություններից։

  • Հակասող նարատիվներ

Փաշինյանը պնդում է, որ Երրորդ Հանրապետությունը հիմնադրվել է հակամարտության և պատմական արդարության վերականգնման տրամաբանությամբ (որից էլ սերել է Ղարաբաղյան շարժումը), մինչդեռ Չորրորդ Հանրապետությունը ձևավորվում է բացառապես իրական 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով խաղաղության տրամաբանությամբ, ինչը նրան պարտադրել են հայ մայրերը։ Սամվել Կարապետյանն ու Արման Աբովյանը հակադարձում են, որ Փաշինյանն իրականում ստեղծում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող համակարգ, որը հողերը հանձնելու միջոցով երկիրը քայլ առ քայլ կհասցնի տարածքային նոր կորուստների՝ ընդհուպ մինչև Լոռի։

Արմեն Աշոտյանից 385 միլիոն դրամի և 3 թաունհաուսների բռնագանձման դատախազության նոր հայցը – 195 հիշատակում

  • Փաստեր.
    ՀՀ դատախազությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույքի գնման իրավունք (1-ը՝ Կենտրոնում, 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են), շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների մնացորդ, և ևս 338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով և փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողներին։ Դատարանը հայցն արդեն ընդունել է վարույթ։
  • Մեդիայի ուշադրության կենտրոնում.

Լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են դատախազության նոր հայցի մանրամասները։ Ընդդիմադիր վերլուծաբանները նշում են, որ սա քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է, երբ իշխող ռեժիմը փորձում է ունեզրկել իր գլխավոր քաղաքական հակառակորդներին։

  • Հակասող նարատիվներ

Արմեն Աշոտյանը կալանավայրից («Ձորաղբյուր» ՏԿՀ-ից) հղած իր նամակում կտրականապես և ամբողջությամբ հերքել է իրեն կամ ընտանիքին վերագրվող որևէ ապօրինի ակտիվի առկայությունը։ Նա հայտարարել է, որ ռեժիմը 8 տարի է փորձում է իրեն «թալանչու» պիտակ կպցնել, սակայն չի ստացվում, իսկ իրավապահները մոգոնել են աստղաբաշխական թվեր, քանի որ հիմնական քրեական գործն ամբողջությամբ փլվել է դատարանում։

ՕՐՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԶՄԵՅՔԵՐՆԵՐԸ (ՄԵԴԻԱ-ԴԵՄՔԵՐԸ)

  1. Նիկոլ Փաշինյան.

Կառավարության նիստում հաստատել է 2026-2031 թթ. ծրագիրն ու ազդարարել «Չորրորդ Հանրապետության» մեկնարկը՝ նշելով, որ Տիգրանաշենը (Քյարքին) հայկական տարածք չէ, և հայտարարել, որ Ծառուկյանի՝ այսքան ժամանակ ազատության մեջ լինելն իր համար «պրոբլեմ» է։

  1. Դոնալդ Թրամփ.

Truth Social-ում հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբների տնտեսական պատերազմի» մասին, սպառնացել է Իրանին աջակցող երկրներին և հաստատել, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ ու պատրաստվում է նոր հանդիպման։

  1. Արմեն Աշոտյան.

Հայտնվել է լրահոսի կենտրոնում դատախազության կողմից իրենից 385 մլն դրամ և 3 թաունհաուսներ բռնագանձելու հայցի ֆոնին, ինչին կալանավայրից պատասխանել է կոշտ հերքմամբ և իշխանություններին ուղղված «տղե՛րք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում» կոչով։

  1. Սամվել Կարապետյան.

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդը, որի նկատմամբ դատարանն անցել է հիմնական դատալսումների փուլին, դատարանի բակում Եկեղեցու դեմ իշխանության քայլերն անվանել է համաշխարհային ամոթ և հայտարարել, որ Փաշինյանը հողերը հանձնելով երկիրը կհասցնի 10-րդ հանրապետության։

  1. Վահագն Ալեքսանյան.

ԱԺ փոխխոսնակը, որը նիստի ժամանակ անջատել է Լևոն Քոչարյանի խոսափողը «գործ տալ» արտահայտությունն օգտագործելու և այն քրեական ենթամշակույթի խոսույթ համարելու պատճառով, ինչպես նաև հանդիպել է ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

ԱՐԵՎՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԹՈՓՈՒՄ ՉԵՆ

  • Էլեկտրամոբիլների նոր 5000 քվոտան. Կառավարությունն իր օգոստոսի 20-ի որոշմամբ հաստատեց ԵԱՏՄ քվոտայի շրջանակում ևս 5000 էլեկտրամոբիլների ներմուծումը 0% մաքսատուրքով, քանի որ նախկինում հատկացված սահմանաչափի 90%-ն արդեն սպառվել էր։
  • Անի Ավետիսյանի նշանակումը ԱԳ փոխնախարար. Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1991թ. ծնված փոխնախարարն ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները։
  • Երևանի օդի աղտոտվածությունը. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 13-17-ը Երևանի Կենտրոնում և Արաբկիրում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի նորմաները։
  • Գազայի երեխաների բուժումը Հայաստանում. Կառավարության որոշմամբ՝ պահուստային ֆոնդից հատկացվել է 16.7 մլն դրամ Գազայի հատվածից առողջական խնդիրներ ունեցող երեխաներին Հայաստան տեղափոխելու և նրանց բուժումն ապահովելու համար։
  • Արեգնազ Մանուկյանի տեսակցության արգելքի վերացումը. Դատարանը վերացրել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, կալանավորված Արեգնազ Մանուկյանի՝ մերձավոր ազգականների հետ շփման և տեսակցության արգելքը (կալանքը մնացել է անփոփոխ)։
  • Հանրային ծառայողի նոր տոնը. Կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել՝ որպես Հանրային ծառայողի օր (այն լինելու է աշխատանքային օր)։

ԵՐԵԿՈՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Baidu ռոբոտաքսիները Դուբայում. Օգոստոսի 20-ից Baidu ընկերության Apollo Go անօդաչու ռոբոտաքսիները պաշտոնապես հասանելի են Դուբայում Uber հարթակի օգտատերերի համար։
  • «Հորիզոն» փառատոնը Գառնիում. Օգոստոսի 22-ին Գառնու տաճարի տարածքում կանցկացվի ժամանակակից երաժշտության, արվեստի և լույսի «Հորիզոն» փառատոնը։
  • Էդգար Պապոյանի համաշխարհային ռեկորդը. 17-ամյա հայ աթլետ Էդգար Պապոյանը Ռիգայում կայացած վորքաութ մարզաձևի աշխարհի առաջնությունում դարձել է բացարձակ չեմպիոն։
  • Այվազովսկու մատուռի պեղումները Ղրիմում. Հնագետները Հին Ղրիմում պեղումներ են իրականացնում Սուրբ Աննա հայկական հնագույն մատուռի տարածքում, որը ժամանակին կառուցվել էր Հովհաննես Այվազովսկու միջոցներով։
  • Արթուր Աբրահամի ամուսնությունը. Հանրահայտ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնացել է երկրորդ անգամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *