Լիբերիայում նախկին փոխնախագահ Ջուել Հովարդ-Թեյլորին մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և այլ հանցագործությունների համար: Մեղադրանքներն առաջադրվել են միջազգային ենթադրյալ թմրանցանցի գործունեության հետաքննության շրջանակում, հայտնում է BBC News-ը:
Հովարդ-Թեյլորին ձերբակալել են չորեքշաբթի օրը՝ Մոնրովիայի «Ռոբերտս» օդանավակայանում, երկրից մեկնելուց առաջ. տեղեկությունը հաստատել է Լիբերիայի արդարադատության նախարարությունը: Ոստիկանապետ Գրեգորի Քոուլմանը նրան կապել է անցյալ ամիս 317 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի առգրավման հետ, որը երկրի պատմության մեջ հայտնաբերված թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է:
63-ամյա Հովարդ-Թեյլորը դեռևս հրապարակավ չի մեկնաբանել իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա փաստաբանը BBC-ին հայտնել է, որ չի կարող մեկնաբանություններ տալ մինչև դատարանում մեղադրանքի պաշտոնական առաջադրումը:
Նրան մեղադրում են վերահսկվող նյութերի ապօրինի ներմուծման, վաճառքի և փոխադրման, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հանցագործության դրդման և հանցավոր գործունեությանն աջակցելու մեջ:
Հետաքննության շրջանակում հեռակա մեղադրանք է առաջադրվել նաև երեք օտարերկրացիների՝ Խորվաթիայի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացու նկատմամբ: Քննության վարկածով՝ նրանք նույնպես եղել են այդ թմրանցանցի կազմում: Իշխանությունները հայտարարել են նրանց հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին:
Հովարդ-Թեյլորը քաղաքականություն է մտել այն բանից հետո, երբ նրա նախկին ամուսինը՝ Լիբերիայի նախկին նախագահ Չարլզ Թեյլորը, հեռացավ պետության ղեկավարի պաշտոնից: 2018 թվականի նախագահական ընտրություններում նա դարձել է Ջորջ Վեայի թիմակիցը և մինչև 2024 թվականը զբաղեցրել փոխնախագահի պաշտոնը:
Հետաքննությունը սկսվել է կոկաինի խոշոր խմբաքանակների շարունակական առգրավումներից հետո: Հուլիսին իշխանությունները հայտնաբերել էին մոտ 4 տոննա թմրանյութ, որը, ենթադրաբար, նախատեսված է եղել Եվրոպա ուղարկելու համար: Քննությունը կարծում է, որ մատակարարումների հետևում կանգնած է ճյուղավորված միջազգային ցանց, և այժմ ստուգում է դրա հետ լիբերիական ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հնարավոր առնչությունը:
Իշխանությունները հայտարարել են, որ հետաքննությունը նպատակ ունի հայտնաբերել թմրանյութերի փոխադրման անմիջական մասնակիցներին, ինչպես նաև ֆինանսավորողներին, կազմակերպիչներին և հովանավորներին: