ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հանրապետական կուսակցության ռազմավարությունը միջանկյալ ընտրությունների համար՝ օգտագործելով Նյու Յորքում դեմոկրատների վերջին հաջողությունները ընդդիմախոսների քննադատությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է The Guardian.
Վաշինգտոնում պահպանողականների համաժողովում ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունն ավելի ու ավելի է տեղաշարժվում դեպի արմատական դիրքեր։ Ըստ նրա, Նյու Յորքում դեմոկրատական սոցիալիստների թեկնածուների հաղթանակները վկայում են ձախ թևի ազդեցության աճի մասին։
ԱՄՆ նախագահը մեղադրել է դեմոկրատներին այն բանում, որ նրանք աջակցում են գաղափարների, որոնք նա բնութագրել է որպես ավանդական ամերիկյան կենսակերպի սպառնալիք։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ կուսակցության ներսում ուժեղանում են տրամադրությունները, որոնք ինքն անվանել է «կոմունիստական», և նախազգուշացրել է կրոնական ազատությունների համար առկա ռիսկերի մասին։
Կրոնական պահպանողականների առաջ ելույթ ունենալով՝ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, «կոմունիստները աստվածամերժ են» և սպառնալիք են ներկայացնում կրոնի, հատկապես՝ քրիստոնեության համար։
«Բոլոր կոմունիստները աստվածամերժ են։ Նրանք չեն հավատում Աստծուն… Այս անողոք կոմունիստները հարձակվում են բոլոր կրոնների, բայց հատկապես՝ քրիստոնեության վրա։ Նրանք միշտ այդպես են անում։ Նրանք առավելապես թիրախավորում են քրիստոնեությունը՝ համեմատած ցանկացած այլ կրոնի հետ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ ամերիկացի զինվորականները միջամտել են Նիգերիայում տիրող իրավիճակին՝ հալածանքների ենթարկվող քրիստոնյա բնակչությանը պաշտպանելու համար։ Ընդ որում, Նիգերիան կոմունիստական երկիր չէ։
Նա նաև անդրադարձել է երկրի ներքին սպառնալիքների թեմային։
«Նրանք այս երկրում կփակեն ձեր եկեղեցիները։ Նրանք դառնում են կոմունիստներ, և փորձում են դա անել։ Նրանք կսպանեն ձեր մարդկանց, և հենց դա է նրանց էությունը։ Նրանք ցանկանում են ոչնչացնել կրոնը։ Նրանց անհրաժեշտ է ոչնչացնել կրոնը, որովհետև նրանց գաղափարախոսությունը չի գործում, եթե դուք ունեք ամուր հավատ՝ ձեր նման մարդկանց, որոնք անհավանական են, սիրում են մեր երկիրը և սիրում են Աստծուն։
Սա մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքն է նրա հիմնադրումից ի վեր՝ 250 տարվա ընթացքում»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ արմատական ձախ ուժերը երկրի համար ներկայացնում են «էքզիստենցիալ սպառնալիք» և կարող են հանգեցնել առանցքային հասարակական ինստիտուտների կործանմանը։ Նա ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը այս թեման կօգտագործի Կոնգրեսի ընտրություններից առաջ ընթացող քարոզարշավի ընթացքում։