Ֆրանսիայում ռեկորդային շոգի ժամանակ սպասվածից մոտ 1000 մարդ ավելի է մահացել

Ֆրանսիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչները կիրակի հայտարարել են, որ ռեկորդային շոգի ընթացքում, որը մի քանի օր շարունակ հյուծում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, մահացել է մոտ 1000 մարդ ավելի, քան սպասվում էր, հաղորդում է AFP-ն։

«Հունիսի 24-ից գրանցվել է շուրջ 1000 լրացուցիչ մահ (չամփոփված տվյալներ)՝ նախորդ ամիսներին գրանցված մահվան դեպքերի համեմատ», – ասվում է Ֆրանսիայի հանրային առողջապահության գործակալության հայտարարության մեջ։

Գործակալությունը հայտնել է, որ հատկապես ծանր են տուժել այն շրջանները, որտեղ շոգի պատճառով հայտարարվել էր կարմիր տագնապ, և մահացածների 85 տոկոսը եղել են 65 և բարձր տարիքի մարդիկ։

Գերատեսչության տվյալներով, մահերի թվի ամենակտրուկ աճը կապված էր այն բանի հետ, որ մարդիկ մահանում էին տներում, հատկապես Իլ-դը-Ֆրանս շրջանում, որը ներառում է Փարիզը և նրա արվարձանները։

«Այս դիտարկումը հիշեցում է ծառայում այն մասին, որ անհրաժեշտ է համերաշխության միջոցներ ձեռնարկել այն մարդկանց նկատմամբ, որոնք մեկուսացված են կամ խոր միայնություն են զգում, այդ թվում՝ բարձր ուրբանիզացված շրջաններում», – ասվում է հայտարարության մեջ։

Գործակալությունն ընդգծել է, որ տվյալները նախնական են և, հավանաբար, թերագնահատված։

Կիրակի Ֆրանսիայում շոգը թուլացել է մի քանի օր տևած ուժեղ տապից հետո, շատ շրջաններում ջերմաչափի սնդիկի սյունը բարձրացել էր Ցելսիուսի 40 աստիճանից բարձր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *