Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև կհանդիպի Կենտրոնական Ասիայի երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ. գրում է ТАСС-ը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2026 թվականին կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջին նիստի ժամանակ Համագործակցության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները «կամփոփեն 2025 թվականի արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության արդյունքները և կքննարկեն ինտեգրացիոն կապերի զարգացման հեռանկարներն ու հիմնական նպատակները, այդ թվում՝ կազմակերպությունում Թուրքմենստանի ներկայիս նախագահության և այս տարի նշվող ԱՊՀ 35-ամյակի առաջնահերթությունների իրականացման համատեքստում»։
Արտգործնախարարները մտքեր կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։ Հանդիպումից հետո կընդունվեն մի շարք որոշումներ՝ ուղղված արտաքին քաղաքականության համակարգման, մշակութային, հումանիտար, իրավապահ և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ հաստատված փաստաթղթերի մեծ մասը կներկայացվի ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարներին՝ հետագա հաստատման համար: