Ինչու են ՀՀ բանկերը սահմանափակումներ մտցրել կանխիկ ռուբլով գործառնությունների վրա. Բանկերի միության պարզաբանումը

Օրերս ռուսական լրատվամիջոցները տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Հայաստանի որոշ բանկեր դադարեցրել են կանխիկ ռուբլով գործառնությունները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշիվներին: Նշվում է, որ անկանխիկ հաշվարկները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով:

Այս կապակցությամբ NEWS.am-ը դիմել է Հայաստանի բանկերի միություն՝ փորձելով հասկանալ նման սահմանափակումների պատճառները:

Միությունից մեզ հայտնեցին, որ հայաստանյան առևտրային բանկերի կողմից կանխիկ ռուբլով գործառնությունների սահմանափակումը կապված է Ռուսաստանում կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումների հետ: Միությունից հավելեցին, որ սահմանափակումները տարածվում են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների վրա:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի (ԵԱՏՄ երկրներ) բանկերը նույնպես սահմանափակել են հաշիվներին ռուբլու մուտքագրումը:

Հայաստանի Կենտրոնական բանկից ավելի վաղ հայտարարել էին, որ կանխիկ ռուբլու ընդունման սահմանափակումների վերաբերյալ որոշումներ չեն ընդունել. առևտրային բանկերն նման որոշումներն ընդունում են ինքնուրույն: Դա վկայում է նրա մասին, որ հայկական բանկերի որոշումը եղել է արձագանք Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին, այլ ոչ թե միակողմանի միջոցառում ռուսական արժույթի նկատմամբ:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր, որ նման գործընթացները կարող են տեղավորվել արժութային շուկայում վերահսկողության շրջանակում: Նա հիշեցրել էր, որ սովորաբար նման միջոցներ ձեռնարկվում են արժութային շուկայում ռիսկերի ժամանակաշրջանում՝ անկայունության սպառնալիքի, փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքի դեպքում:

Բանկերն արդեն ծանուցել են հաճախորդներին ռուբլով գործառնությունների պայմանների փոփոխության մասին՝ ներդնելով տարբեր սահմանափակումներ՝ կանխիկի ընդունման ժամանակավոր դադարեցումից մինչև ընթացիկ հաշիվներին կանխիկ միջոցների մուտքագրման համար միջնորդավճարների սահմանում:

Փոփոխությունները կապված են կանխիկ ռուբլու ավելցուկի հետ, որի սպասարկումը թանկ է նստում բանկերի վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *