ԱՄՆ-ն և Իրանը 7-րդ գիշերն անընդմեջ ավերիչ հարվածներ են հասցրել միմյանց

Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան հասել է կրիտիկական կետի. ԱՄՆ-ն և Իրանը յոթերորդ գիշերն անընդմեջ իրականացրել են փոխադարձ հզոր հարվածներ, ինչի հետևանքով տարածաշրջանի մի շարք խոշոր քաղաքներում ու ռազմավարական կետերում որոտացել են ահնդատ պայթյուններ։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շաբաթ երեկոյան պաշտոնապես հայտարարել է Իրանի դեմ օդային գրոհների նոր ալիքի մասին, որի նպատակն է հաջորդական հարվածներով վերջնականապես քայքայել Թեհրանի ռազմական ներուժը, մինչդեռ իրանական կողմն արդեն իսկ սպառնացել է անցնել լիամասշտաբ գործողությունների, եթե Վաշինգտոնը չդադարեցնի հարձակումները։

Ամերիկյան ուժերի վերջին հարվածների հետևանքով իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են խոշոր պայթյունների մասին Ահվազ, Յազդ և Բանդար Աբբաս քաղաքներում, ինչպես նաև Հորմուզի նեղուցում գտնվող կղզիներում, ինչին ի պատասխան Թեհրանը հայտարարել է Քուվեյթում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հակադարձ հարվածներ հասցնելու մասին, թեև այդ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Իրավիճակն էլ ավելի է թեժացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այն պնդումից հետո, թե Հորմուզի նեղուցի հարավում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող երթուղով ընթացող երկու տանկեր պայթել են ծովային ականների վրա, ինչը CENTCOM-ը շտապել է որակել որպես բացահայտ «կեղծիք»։

Այս արյունալի զարգացումների ֆոնին BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև նախկինում ձեռք բերված հրադադարի ձախողման պատճառներին՝ ընդգծելով, որ կողմերի միջև խաղաղության վերականգնման հնարավորությունները ժամ առ ժամ սպառվում են:


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *